Որևէ մեկն իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել. այն համարը, որտեղ ես եմ, ամենակարևորը կլինի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը տարեվերջյան ամփոփիչ հարցազրույց անցկացրեց, որի ընթացքում ԱԺ նախագահը հիշեց երիտասարդ տարիները, երբ սաքսաֆոն էր նվագում, ապա կատակեց, թե «հիմա էլ եմ նվագում, ամեն օր քաղաքականության մեջ եմ»:

-Պարո՛ն Սահակյան, 2017-ի խորհրդարանական ընտրությունները մոտենում են: Տեղեկություններ կան, որ գալիք խորհրդարանական ընտրություններին Ձեր որդին է մասնակցելու եւ Ձեր փոխարեն ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ԱԺ պատգամավորի մանդատ կստանա:

-Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետեւ պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից եւ այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ: Եւ կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաեւ հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի կուսակցության գործունեությանը մասնակից դառնամ: Այնպես որ, որեւէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել: Ես կմտնեմ իմ փոխարեն:

-2017 թվականի՞ն:

-Այո՛, այո՛: Իմիջայլոց, դեռեւս կուսակցությունում քննարկումներ չեն եղել: Ըստ էության, քաղաքականությունն այնպիսին է, որ քաղաքական թիմը ինչպես որոշում է, թիմի անդամները այդ ճանապարհով գնում են: Եթե խնդիրը վերաբերում է պատգամավոր դառնալուն, կարծում եմ, որ բոլոր լիազորություններն ունեմ պատգամավոր դառնալու, որովհետեւ 1995-ից ես ԱԺ-ում եմ, խորհրդարանի ամբողջ գործունեության ծավալներն ինձ հայտնի են, մեծ ֆրակցիայի ղեկավար, նաեւ ԱԺ նախագահ: Չեմ կարծում՝ այնպիսի գործունեություն կա, որ խորհրդարանի համար անհրաժեշտ չի եղել:

-Հանրապետական կուսակցության ընտրացուցակի ո՞ր համարում կլինեք:

-Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարեւորագույն համարներից մեկն է լինելու: Կլինի 4-րդ համարը, թե 55-րդը, միեւնույն է: Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարեւոր համարը կլինի:

-Դուք ԱԺ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին տիրապետո՞ւմ եք՝ որպես ԱԺ նախագահ:

-Բնականաբար:

-Բոլո՞ր:

-Բնականաբար:

-Հայ հասարակությունը 2016-ին բազում փորձությունների միջով անցավ. զինված հանցախմբեր, ապրիլյան պատերազմ, կառավարության փոփոխություն: Ինչ դասեր քաղեցիք իրավիճակից, կամ, առհասարակ, քաղեցի՞նք, թե՞ ոչ:

-Նախ պարտավոր ենք ամեն օր դասեր քաղել: Այն պետությունը, որ մենք ինքներս կամ մեր ժողովուրդն է մտածում, շատ անելիքներ ունենք՝ այդ պետությանը հասնելու համար: Յուրաքանչյուր քաղաքական իրադրություն, բնականաբար, կամ շատ օգուտ է մեր պետությանը, կամ շատ վնաս է:

-Դուք, որպես բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, գո՞հ եք Ձեր կառավարած երկրում տիրող իրավիճակից. մենք ունենք պաշտոնական տվյալներ արտագաղթի ծավալների մեծացման մասին, աղքատության ցուցանիշը 35 տոկոսից չի իջնում, արտաքին պարտքը, որ հասել է 6 մլրդ դրամի սահմանին…

-Ձեր ասած թվերը, խոսքերը կարող եմ լիարժեք չընդունել: Բայց եթե Ձեր ասած բոլոր պայմանները շատ լավ լինեին, էդ դեպքում ես քաղաքականության մեջ չէի լինի:

-Այդ դեպքում որտե՞ղ կլինեիք:

-Բնականաբար կաշխատեի իմ մասնագիտությամբ (հիշեցնենք, որ պարոն Սահակյանը մասնագիտությամբ մանկավարժ է եւ քաղաքականություն է մտել դպրոցի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո):

-2017-ի համար ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Մեզ համար շատ բարդ տարի է: Ընտրությունների տարի է եւ շատ նորովի ընտրությունների: Մենք կարողացել ենք նաեւ ընդդիմության հետ միասին ստեղծել այնպիսի ընտրական օրենսգիրք, որ ընտրությունները պիտի կատարյալ լինեն: Չեմ կարծում, որ որեւէ տեղից հնարավոր կլինի որեւէ բանի համար բողոքել: Եւ եթե կարողացանք ընտրությունները այդպես անցկացնել, կարծում եմ՝ սա եզակի տարի կլինի:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս