ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ՄԻ ՕՐ ԷԼ ԱՅԴ ԶԵՆՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն, ըստ էության, իր ձեռքն է վերցրել Արցախի Հանրապետության խնդրի կարգավորման նախաձեռնությունը՝ վերստին ակտիվացնելով իր ջանքերը: Նկատենք, որ խոսքը մի երկրի մասին է, որը տարեցտարի ավելացնում է Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալները: Ի՞նչ է այս մասին մտածում պաշտոնական Ստեփանակերտը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարել է ՌԴ-ի կողմից ներկայացված հակամարտության լուծման առաջարկների մասին: Տեղյա՞կ եք, արդյոք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ռուսական այդ տարբերակը:
-Գիտեք, իմ կարծիքով, իհարկե, ավելի ճիշտ կլինի Դուք Նալբանդյանին դիմեք, որ ինքը դա ասի: Խնդիրն այն է, որ կա ընդհանուր մոտեցում՝ հիմնված կողմերի պատկերացումների վրա. հիմա Ադրբեջանը մի բան է պատկերացնում, մենք մի այլ բան ենք պատկերացնում, դրա համար ներկա դրությամբ, իհարկե, հասկանալի է, որ հիմնական շեշտը դրվում է խաղաղության եւ կայունության պահպանման վրա, նամանավանդ հիմա, որ Ադրբեջանը ընդհանրապես անցել է բոլոր բարոյական նորմերը ու ընդհանրապես ամեն ինչ կոպտորեն խախտում է:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացմանը, որն, ինչպես հայտնի է, այս ընթացքում ինտենսիվորեն զինում է Ադրբեջանին:
-Տեսեք, այստեղ որեւէ մրցակցություն չկա: Հիմա Ռուսաստանը պարտավոր է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ պահպանել, եւ մենք չպետք է նեղանանք, պիտի հասկանանք աշխարհաքաղաքականությունը: Բայց միեւնույն ժամանակ հավասարակշռվածությունը պահպանում է նույն Ռուսաստանը, ի վերջո, «Իսկանդեր» համակարգը ԱՄՆ-ն մեզ չի տվել, Ֆրանսիան կամ մի այլ երկիր: Հետեւաբար այս ամենը պետք է հասկանանք եւ ռեալ ամեն ինչ դիտարկենք: Զենք մատակարարելով թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին՝ Ռուսաստանը պահպանում է հավասարակշռվածությունը: Սա էլ է փաստ: Հիմա ինչ շահարկումներ էլ ցանկանում են անել, սա էլ է փաստ: Հարցն այն է, որ մենք, իհարկե, դժգոհ ենք, չենք ուզում, որ Ռուսաստանը զենք վաճառի Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, բայց, իհարկե, իրենք էլ իրենց մոտեցումներն ունեն: Թեեւ չպետք է անտեսվի այն, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, եւ չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ:
-Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններին լավատեսությամբ չի վերաբերում. պատճառը Նալբանդյանի հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, թույլ չեն տալիս որեւէ լավատեսական բան քննարկել:
-Դե, Մամեդյարովը չի կարող այլ բան ասել, որովհետեւ դա Ադրբեջան պետության ընդհանուր մոտեցումն է, որը տակավին սխալ է եւ ապակառուցողական, բայց ինչ արած, սա է իրավիճակը: Դա խոսում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանն է պատասխանատու նման իրավիճակի համար, եւ այն, որ որեւէ շոշափելի տեղաշարժ չկա, դրա միակ մեղավորը Ադրբեջանն է: Չի կարող մի պետություն ֆաշիզմ քարոզել եւ մտածել, որ այդ ֆաշիստական գաղափարախոսությունն ընդունելի կլինի մի ժողովրդի համար, որի նկատմամբ իրականացվում է այդ ֆաշիզմը:
-Նա նաեւ նշել է, որ հաջորդ ամիս մեկնելու է Մոսկվա, որտեղ մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ստատուս քվոն փոխելու հարցը…
-Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետեւ ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի: Եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռեվանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաեւ այլ հարթություններում:
-Առաջիկայում սպասվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Հերթական այդպիսի հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Մենք ցանկացած նման հանդիպում կարեւորում ենք առաջին հերթին խաղաղության պահպանման տեսանկյունից, այդ հանդիպումները միանշանակ նպաստում են դրան: Բայց խոսել, որ հակամարտության կարգավորման գործընթացում կարող են լինել զարգացումներ, իհարկե, դժվար է, որովհետեւ Ադրբեջանը չի հրաժարվում իր ուղեղում ստատուս-քվոյի փոփոխությունից, իսկ ստատուս-քվոն այդ կարծր, աննորմալ, հնացած ռեվանշիստական գաղափարներն են:

 

 

 

ՀՀԿ-Ն ԻՆՉԻՑ ԽՈՍՈՒՄ Է, ՀԱԿԱՌԱԿՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով:

«Կուսակցության քարոզչությունը կլինի «Անվտանգություն եւ առաջընթաց» նշանաբանով, որովհետեւ մեզ համար թիվ մեկ մարտահրավերը անվտանգությունն է, եւ մենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք եւ զարգացնենք մեր ազգային, պետական անվտանգությունը»,- նշեց Շարմազանովը: Իսկ ինչպե՞ս են իշխող ՀՀԿ-ի այս կարգախոսին վերաբերում մյուս քաղաքական ուժերը:
«Մի առաջընթաց կա այդ կարգախոսի մեջ. այդ անվտանգության բառը դրել են, եւ նշանակում է, որ իրենք էլ են ընդունում, որ օրհասական մի պահ է ստեղծվել, անվտանգության խնդիրը դարձել է թիվ մեկ հարցը, սա իրենք փաստորեն ընդունում են, բայց այս իրողությունն ընդունելը նաեւ մի հետաքրքիր իրողություն է մատնում. ըստ էության, մեկը պետք է հարց տա իրենց՝ ինչպե՞ս եղավ, որ 98 թվականից հետո դուք, լինելով իշխանություն, տասնութ տարի շարունակ բերել եք մի իրավիճակի, որ նորից անվտանգության հարցը դառնում է ձեր կարգախոսի հարցը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինիս բնորոշմամբ՝ դա ՀՀԿ-ի կառավարման ձախողման մասին է վկայում եւ ունի մեկ նշանակություն. «Դուք տապալել եք երկրի կառավարումը: Ձեր այդ խոստումները, որ ստատուս-քվոն կարելի է պահել ու ամրապնդել, եւ կամաց-կամաց Ադրբեջանն ու միջազգային հանրությունը կհաշտվեն այդ ստատուս քվոյի պահպանման հետ, այդ բոլորը փուչ են դուրս եկել, քանի որ այս ընթացքում դուք զբաղված եք եղել ոչ թե երկրի անվտանգությունը ամրապնդելով, այլ երկիրը թալանելով», – նշեց Զուրաբյանը: ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ նաեւ դա է պատճառը, որ մենք ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան խոցելի էինք:
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը որեւէ հետաքրքրություն չունի ՀՀԿ-ի կարգախոսի նկատմամբ. «Որովհետեւ ՀՀԿ-ն բոլոր ոլորտներում գրանցել է անհաջողություններ: Որովհետեւ հարցումներ կան, որոնք խոսում են անվտանգության հետ կապված մարդկանց մտահոգության մասին, երեւի փորձում են այդ կարգախոսով դա փարատել»,- ենթադրում է Մարուքյանը եւ հիշատակում, որ ժամանակին ՀՀԿ-ն աղքատությունն էր կրճատում, բայց այն ավելի մեծացավ, ապա արտագաղթն էր կրճատում, սակայն արտագաղթն էլ ավելացավ. «Ինչից նրանք խոսում են, դրա հակառակն է տեղի ունենում, դրա համար ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի կարգախոսի վրա չպետք է կենտրոնանալ, այլ պետք է ՀՀԿ-ին ձայն չտալ»,- եզրափակեց Մարուքյանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԴԻՍԲԱԼԱՆՍԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսի ժամանակ հարցին, թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համար արդյոք շարունակում է առաջնային մնալ իշխանափոխություն իրականացնելու հարցը, դրական պատասխան է տվել: Միաժամանակ Զուրաբյանը մեկնաբանել է, որ իշխանափոխությունն անհրաժեշտ է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ոլորտի տարբերությունը կրճատելու համար: «Երբ 2008թ. մենք ձեւակերպում էինք իշխանափոխության պահանջը, Ադրբեջանի ռազմական ծախսերը 3 անգամ ավելին էին Հայաստանի ծախսերից: Սա ազգային անվտանգության հարց է, այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի ռազմական ծախսերի առավելություն` 8 անգամ: Ապրիլյան պատերազմը այս տվյալների հետեւանքն է: Սա հրդեհ է, որը մոտեցել է մեր դռանը, ազգային անվտանգության սպառնալիք է, որը կամաց-կամաց մոտենում է: Ապրիլյան պատերազմը առաջին ծիծեռնակն է, Ադրբեջանը ավելի ոգեւորված է ռազմական ձեւով այդ խնդիրը լուծելու, առավել եւս որ Հայաստանի կողմից չկա դիվանագիտական աշխատանք դեպի խաղաղության հաստատումը»,-նշել է Զուրաբյանը:

 

 

1,5 ՄԻԼԻՈՆԻ ՏՈՒԳԱՆՔ «ՍՊԱՅԿԱ»-ԻՆ
Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Սպայկա» ընկերության հայտարարագրերում թույլ են տրվել սխալներ, որոնք էլ առաջացրել են մաքսային վճարների պակաս հաշվարկում` մոտ 3 միլիոն 500 հազար դրամի սահմաններում: Արդյունքում, մաքսային կանոնները խախտելու եւ հայտարարագրերը սխալ լրացնելու համար այս ընկերությանը տուգանել են պակաս հաշվարկված 3 միլիոն 500 հազար դրամի 50 տոկոսի չափով` 1 միլիոն 592 հազար 700 դրամ: Նշենք, որ նախկինում «Սպայկա» ընկերությունը պատկանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորաչյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, սակայն այժմ ընկերությունը կապում են Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ:

 

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆԻ ՊԵՏԸ ԸՆԴԴԵՄ ԲԱՆԱԿԻ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի պետ Պերճ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Սա այն բանից հետո, երբ նա Արմավիրի մարզի Այգեշատ գուղի բնակիչ, 18-ամյա Յուրի Դավթյանին ելքի թույլտվություն է տվել` անձնագրում համապատասխան կնիք դնելով: Մինչդեռ անձնագրայինի պետը դրա իրավունքը չի ունեցել, քանի որ Յուրի Դավթյանը եղել է զինակոչային տարիքի, հետեւաբար չէր կարող լքել երկիրը: Յուրի Դավթյանը 2016թ. սեպտեմբերի 3-ին մեկնել է ՀՀ-ից, չի ներկայացել 2016թ. ձմեռային զորակոչին եւ խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից, որից հետո էլ քրեական գործ է հարուցվել Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի պետ Պերճ Խաչատրյանի դեմ, ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար:




Լրահոս