Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը չի կարող վնասել Հայաստանին. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը միայն կարող է ողջունել հայ-թուրքական սահմանի բացումը, դա շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Այս մասին Regional Post – Caucasus-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Իհարկե, մենք միայն կողջունենք, որպեսզի ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական սահմանը բաց լինի մարդկանց ազատ տեղաշարժի, ազատ առևտրի համար: Դա, անկասկած, շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009թ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ակտիվ փուլի գործընթացում: «Ընդհանուր ջանքերի արդյունքով, առաջին հերթին, Երևանի և ԱՆկարայի ջանքերով, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրություն ստորագրվեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի և ԵՄ ներկայացուցչի ներկայությամբ: Սակայն ավելի ուշ, ցավոք, կարգավորման գործընթացը փակուղի մտավ և ներկա պահին կանգնեցվել է: Սակայն սկզբունքորեն կարևոր է, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնեն»,-ասել է Լավրովը:

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան ունակ են կարգավորել առկա խնդիրները:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պետք է զգուշանա ռուս-թուրքական մերձեցումից, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը գաղտնի օրակարգ չունի:

«Մենք քաղաքական կամ տնտեսական դաշինքներ չենք ստեղծում՝ ուղղված երրորդ երկրների դեմ: Մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության համար»,-ասել է նա:

Լավրովը համոզված է , որ ռուս-թուրքական կապերը կբարձրացնեն տարածաշրջանում վստահությունն ու փոխըմբռնումը:




Լրահոս