ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի օրենսդիր մարմնում եւս տեղի են ունենում պաշտոնների վերադասավորումներ: Մասնավորապես Գալուստ Սահակյանին ԱԺ պաշտոնում փոխարինեց Արա Բաբլոյանը, իսկ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին կփոխարինի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանն ընդունել Հովհաննիսյանին իր փոխարեն նշանակելու որոշումը, եւ արդյո՞ք դրանից հետո լարվել են նրանց հարաբերությունները:

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է:
-Տիկի՛ն Նաղդալյան, նախ անդրադառնանք Արա Բաբլոյանին Աժ նախագահ նշանակելուն: Դուք, որպես 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ, ի՞նչ տեսակետ ունեք Բաբլոյանին այդ պաշտոնում նշանակելու մասին:
-Կարծում եմ, որ Արա Բաբլոյանը մեր հանրության մեջ ունի բարձր հեղինակություն, մի մարդ, որը բավական երկար ժամանակ զբաղվում է քաղաքականությամբ եւ պատվով մասնակցություն է ունեցել քաղաքական գործընթացներին, արդեն երրորդ խորհրդարանն է՝ պատգամավոր է, նաեւ իր մասնագիտության բերումով, ունի մարդասիրական մասնագիտություն՝ բժիշկ, մանկաբույժ, ունի շատ բարձր հեղինակություն: Իհարկե, ՀՀԿ-ն ունի մեծ խումբ, մեծ ջոկատ մարդկանց, պատգամավորների, քաղաքական գործիչների, ովքեր կարող էին առաջադրված լինեին, եւ համարում եմ, որ սա թե՛ տրամաբանական, թե՛ շատ արդարացված առաջադրում է՝ հաշվի առնելով նաեւ այն խնդիրները, որոնք ծառացած են լինելու 6-րդ գումարման ԱԺ-ի առջեւ, որովհետեւ շատ լավ գիտեք, որ սա խորհրդարանական կառավարման անցումը ապահովող խորհրդարան է եւ այդ պայմաններում այլեւս աշխատող խորհրդարան է, եւ այսօր պարոն Բաբլոյանը եւ ՀՀ նախագահն իրենց ուղերձի մեջ դրեցին խնդիրները եւ ուղղությունները, որոնցով այս խորհրդարանը պետք է աշխատի՝ առավելապես կարեւորելով քաղաքական համագործակցությունը: Այս իմաստով համարում եմ, որ սա շատ արդյունավետ առաջադրում է, եւ պարոն Բաբլոյանը կարողանալու է իսկապես արդյունավետ աշխատել:
-Իսկ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս հիմնավորեց Բաբլոյանին ԱԺ նախագահ նշանակելու որոշումը:
-Ես, ճիշտն ասած, բացակայել եմ գործադիրի նիստից, որովհետեւ կարծում եմ, որ տեղյակ եք եղել՝ գործուղման մեջ, ԵԽԽՎ հանձնաժողովի նիստ էր շատ կարեւոր օրակարգով, պետք է անպայման ներկա լինեի, ես չեմ լսել ինքս, բայց, այնուամենայնիվ, համարում եմ, որ սա իսկապես արդարացված եւ ապագա հեռանկարների մեջ բավական լուրջ առաջադրում էր:
-Արա Բաբլոյանի նշանակումը Ձեզ համար եւս անակնկալ որոշո՞ւմ էր: Համենայն դեպս, հանրության շրջանում նա որպես քաղաքական դեմք չի ընկալվում, ՀՀԿ-ի հետ չի ասոցացվում, այլ հայտնի է որպես փորձառու բժիշկ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետները:
-Ես չեմ կարծում եմ, որ այդ կարծիքները համապատասխանում են իրականությանը, մարդ, որ երեք խորհրդարանի պատգամավոր է, ինչպես կարող է քաղաքական դեմք չլինել կամ մարդ, որ նորանկախ հանրապետության առաջին օրերից եղել է կառավարության անդամ եւ քաղաքականություն է մշակել, իսկ հետագայում շատ լուրջ մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, ինչպես կարող է՝ քաղաքական դեմք չէ, ես համաձայն չեմ դրա հետ:
-Շատ է նշվում, որ ինչպես Կառավարության, այնպես էլ ԱԺ բարձրաստիճան պաշտոնների նշանակումը կրելու է ժամանակավոր բնույթ, հաճախ թե՛ քաղաքական վերլուծաբանները եւ թե՛ քաղաքական գործիչներն այն կարծիքն են հայտնում, որ ամեն ինչ 2018 թվականին փոխվելու է, եւ այն ժամանակ նոր վերջնականապես կբաշխվեն պաշտոնները: Ի՞նչ եք մտածում Դուք այս հարցերի շուրջ:
-Գիտեք, մեզանում սովորույթ կա, որ մենք նախապես սկսում ենք իդեաներ մշակել եւ հետո այդ իդեաները տիրաժավորել եւ այլն, ես չեմ տեսնում որեւէ նախահիմք, իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, ամեն ինչ զարգացման մեջ է, բայց, համենայն դեպս, այսօր ՀՀԿ-ն շատ լուրջ առաջադրում է կատարել:
-Ինչպե՞ս ընդունեցիք Արփինե Հովհաննիսյանին Ձեր փոխարեն նշանակելու որոշումը:
-Սրանք բոլորը կուսակցության ղեկավար մարմնի որոշումներն են, եւ այս որոշումները, կարծում եմ, որ իսկապես միտված են նրան, որ յուրաքանչյուրը կուսակցության գործիչներից, քաղաքական գործիչներից, ովքեր ներկայացնում են կուսակցական թիմը, առավել արդյունավետ իրենց պոստերում գործեն:
-Կարծում եք՝ արդարադատության արդեն նախկին նախարարը կկարողանա՞ Ձեզ փոխարինել:
-Կարծում եմ, որ Արփինե Հովհաննիսյանը բավականին երկար ճանապարհ է անցել եւ բավական լուրջ հաջողություններ արձանագրել է:
-Արփինե Հովհաննիսյանի հետ լարվե՞լ են Ձեր հարաբերություններն այդ որոշումից հետո, ինչպիսի՞ շփման մեջ եք հիմա:
-Մեր հարաբերությունները հրաշալի են եղել նախկինում. ներկայումս շարունակվելու են, այնպես որ, այդ իմաստով անհանգստանալու թեմա չեմ տեսնում:
-Տիկի՛ն Նաղդալյան, տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Դուք վայր եք դնելու Ձեր մանդատը եւ անցնելու եք դիվանագիտական աշխատանքի: Հիմա Ձեր գործունեությունը որտե՞ղ եք շարունակելու ծավալել՝ օրենսդիրո՞ւմ, թե՞ դիվանագիտական ոլորտում:
-Համենայն դեպս, ես ստացել եմ իմ մանդատը եւ ազգային ժողովում իմ աշխատանքը շարունակելու եմ:
-Իսկ երբեւէ քննարկում եղե՞լ է Ձեզ դեսպան նշանակելու մասին:
-Ո՛չ, չի եղել նման քննարկում:
-Այդ դեպքում շա՞տ եք նեղսրտել, որ այլեւս ԱԺ փոխնախագահ չեք լինելու, այլ պատգամավոր:
-Ես ամբողջ կյանքումս փոխնախագահ չեմ եղել, եղել է ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր եմ եղել, աշխարհը դրանից շուռ եկած չի եղել, հիմա էլ շուռ չի գա:

 

 

 
ԱՇՈՏՅԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈՐԴՈՐԸ

Երեկ տեղի ունեցած 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը ավելի քան մեկ ժամանոց ելույթ ունեցավ:

Ի թիվս այլ հարցերի՝ իր երկարաշունչ ուղերձում Սերժ Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց, իր խոսքով, կարեւոր մի հանգամանքի վրա. «Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ նորացված Սահմանադրությամբ էապես բարձրանալու է կուսակցությունների դերը մեր հասարակական քաղաքական կյանքում: Նաեւ շեշտել ենք, որ քաղաքական կուսակցությունների հիմնական շարժիչ ուժը լինելու են գաղափարակից համախոհները: Սակայն որպես երկրի նախագահ եւ որպես հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի ղեկավար՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին հորդորում եմ արդարադատություն եւ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձեւավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով»,- ընդգծեց ՀՀԿ ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ միայն նման մոտեցմամբ կարող ենք արդարադատության գործուն համակարգ երաշխավորել: Ասել է, թե Սարգսյանը հանդես եկավ մի հորդորով, որի կրողը ո՛չ իրենց համախոհ քաղաքական ուժերն են եւ ո՛չ էլ հենց ինքը՝ ՀՀԿ-ն: Քանզի դժվար է հիշել մի դեպք, երբ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնների նշանակի՝ ոչ թե առաջնորդվելով «նա մեր համախոհն է» տարբերակով, այլ «նա իր գործի գիտակն է» ճշմարիտ սկզբունքով:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ եթե Սարգսյանը նման ուղերձով է հանդես գալիս, ապա ինչու՞ իրենք երբեւէ նման սկզբունքով չեն առաջնորդվել.«Առաջնորդվել ենք բացառապես այդ սկզբունքով, որը համադրել ենք սահմանադրական հնարավորությունների հետ»,- ասաց Աշոտյանը: Իսկ մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ երբեւէ ընդդիմադիր քաղաքական ուժին, ոչ կոալիցիոն գործընկերության շրջանակներում, բարձրաստիճան պաշտոններ չեն վստահել, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց. «Հանձնաժողովի նախագահների ընտրության ժամանակ կտեսնեք՝ կա, թե ոչ»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՆՈՒՆԸ ՏԱ
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը: Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը եւ չի արձանագրել աշխատողների չգրանցված լինելու փաստը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է եւ չի բացառվում, որ ձերբակալված տեսուչը քննության շրջանակներում իրեն ջրից չոր դուրս գալու համար վերադասի՝ Վարդան Մամիկոնյանի անունը տա՝ կատարվածի պատասխանատվությունը փորձելով նրա վրա բարդել: Իսկ մեծ հաշվով այս գործը, որ մեծ շուքով մատուցվեց՝ ծանր հետեւանքներով, իրականում շոու է հիշեցնում:

 

 

«ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1» ԱԺ-ՈՒՄ
Երեկ տեղի ունեցած 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը պատգամավորներից շատերի համար առաջին բեմելի օրն էր: Նորաթուխ ազգընտիրները անսովոր շրջում էին խորհրդարանի միջանցքներով եւ անգամ մոլորվում՝ հարցուփորձ անելով գտնում խորհրդարանի դահլիճի մուտքը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, թե ինչպես, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը դահլիճ մուտք գործող դուռն էին փնտրում, Նապոլեոն Ազիզյանը խորհրդարանում աշխատող իր հին ընկերներին էր հանդիպել եւ հետաքրքրվում, թե նույն տեղու՞մ են էլի: Ամենաաչքծակողը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանի շրջայցն էր խորհրդարանում: Նա ԱԺ-ում շրջում էր բացառապես իր բարեկամուհու՝ նույն դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանի ուղեկցությամբ: Փորձառու պատգամավորը նորաթուխ պատգամավոր Աբրահամյանին ծանոթացնում էր Աժ-ի հետ եւ, այսպես ասած, հսկում նրան: Մի խոսքով, երեկ ԱԺ-ում սեպտեմբերի մեկյան տրամադրություն էր, որտեղ աշակերտ-պատգամավորներից յուրաքանչյուրն ուներ իրեն կցված ավագ ընկեր:

 

 

ՏԵՂԱԿԱԼ ՄԱՐԶՊԵՏԸ
Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարզպետի լիազորությունները ժամանակավորապես կկատարի նրա երեք տեղակալներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը: Գրիգորյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Գեղարքունիքի մարզպետի պաշտոնին առաջիկայում կնշանակվի ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը:




Լրահոս