Ձու արտադրող ընկերությունը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հավկիթի արտադրությունում երբեմնի գերիշխող դիրք զբաղեցնող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրման» տեւական ժամանակ է, ինչ չի գործում: Պատճառը ֆինանսական լուրջ խնդիրներն են:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ սեպտեմբերի 15-ի վճռով Նոր Գեղիում գտնվող «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»-ն սնանկ է ճանաչվել: Ի դեպ, ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրմայի» նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Նշենք, որ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկային սնանկ ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը այս տարվա հուլիսի 6-ին:

Ի դեպ, թռչնաֆաբրիկան վերոնշյալ ընկերությանը պարտք է 25 մլն դրամի չափով գումար: Պարզվում է, որ «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը միակը չէ, ում պարտք է թռչնաֆաբրիկան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրման» պարտք է նաեւ «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» խումբ ընկերությանը: Իսկ պարտքի գումարն էլ կազմում է ավելի քան 890 հազար դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նույն դատարանի՝ սեպտեմբերի 19-ի որոշմամբ՝ սնանկության գործերով կառավարիչ է նշանակվել Արսեն Ասատրյանը: Վերջինիս տեղեկություններով՝ չնայած այն բանին, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել, դեռ շարունակում է աշխատել: «Այլ հավելյալ տեղեկություն չունեմ, քանի որ նոր եմ ստացել սնանկության այս գործը»,- փոխանցեց սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանը: Փորձեցինք որոշ տեղեկություններ իմանալ ընկերության տնօրեն Վասպուրակ Մարտիրոսյանից, սակայն վերջինս անպատասխան թողեց «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերը: Սակայն տեղեկացնենք, որ շատերը «Լուսակերտ տոհմային թռչնաբուծական ֆիրմա»-ն շփոթում են «Լուսակերտ» ընկերության հետ, որն ինչպես հայտնի է` գործարար Խաչիկ Մանուկյանին: «Լուսակերտ» ընկերության տնօրեն Մանաս Եփրեմյանի խոսքերով՝ սնանկ ճանաչված ընկերությունը ոչ մի առնչություն չունի իրենց ընկերության հետ:
«Իրավական կապ չունի այդ ընկերությունը մեր` «Լուսակերտ» ՍՊԸ-ի հետ, իսկ ոչ իրավական այնքանով կապ ունի, որ երկուսն էլ նույն գյուղի նույն տարածքում են գտնվում»,- մանրամասնեց Մանաս Եփրեմյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս