Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ նախագահին երաշխավորելով առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մի խումբ փաստաբաններ երաշխավորության հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ փաստաբան Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրելու առաջարկով: Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ` երաշխավորության հայտարարությանը միացել է 228 փաստաբան:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքներով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամ չընտրվեց:

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը՝ 63 ձայն: Մինչ քվեարկությունը, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին:




Լրահոս