Ի՞նչ է պատասխանել ՏՄՊՊՀ-ն Մարուքյանին՝ գազալցակայաններում գների բարձրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ստացել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանը:

Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանը մանրամասնում է.

«Վերջին շրջանում ինձ ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված՝ ամսվա սկզբին դիմել էի ՏՄՊՊՀ, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու եւ գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։

Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։

Իմ կողմից առաջարկվել էր իրականացնել հեղուկ գազի շուկայում գների ավելացման ուսումնասիրություն եւ չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրավախախտ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կարգավորելով շուկայում գնային անհիմն տատանումները։

Այսօր ստացել եմ հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում է, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երեւույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք եւ հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, եւս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:

Ես շարունակելու եմ հետեւողական կերպով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը բոլոր ատյաններում։ Սպասենք հետագա արդյունքներին»:




Լրահոս