Սարգիս Սահակյանը չի հաշտվում մարզպետի պաշտոնը կորցնելու հետ. ինչու է միջամտում մարզպետարանի աշխատանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թավշյա հեղափոխությունը կարծես թե շրջանցել է ՀՀ Արագածոտնի մարզը, հատկապես մարզպետարանը, քանի որ մարզպետարանի աշխատակազմում դեռ շարունակում են մնալ նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի կադրերը:

Արագածոտնի մարզում չեն դադարում դժգոհությունները նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանից: Նրանց պատմելով` Սահակյանը ե՛ւ մարզի գյուղերում, ե՛ւ մարզպետարանում ունի իր մարդկանց, որոնց միջոցով կարողանում է մարզում բազմաթիվ հարցեր լուծել: Ըստ մարզի բնակիչների` Սարգիս Սահակյանը իսկական պատուհաս է դարձել մարզի գլխին: Նա այդպես էլ չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն այլեւս մարզպետ չէ: «Ժողովուրդ» օրաթերթին մարզի բնակիչները փոխանցեցին, որ Սահակյանը մշտապես իր ժամանակը անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում, եւ նրանց պատմելով` մարզը Սահակյանն է կոորդինացնում ժամանակին իր նշանակած փոխմարզպետների միջոցով: Ի դեպ, նրա այս ակտիվությունը պարբերաբար դրսեւորվում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Նրանցից, օրինակ, Նունե Մովսեսյանը Արագածոտնի փոխմարզպետ նշանակվել է դեռեւս 2013 թվականին, ՀՀԿ-ական է: Իսկ մինչ այդ եղել է Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրենը: Արագածոտնի մյուս ՀՀԿ-ական փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը եւս պաշտոնավարում է 2013 թվականից: Միայն փոխմարզպետ Արծվիկ Նիկողոսյանն է նոր նշանակվել` հունիսի 27-ին:

Այս մարզպետարանում անգամ աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն է Սարգիս Սահակյանի ժամանակներից: Նրա տեղակալ Ռուզաննա Մկրտչյանը եւս: Ի դեպ, Հրաչյա Գեւորգյանը այս պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից, եւ պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մինչեւ այս տարվա նոյեմբերի 25-ը: Արդյոք նա նոյեմբերի 25-ից հետո կշարունակի պաշտոնավարել, դեռեւս հայտնի չէ: Միայն մարզպետի խորհրդական Արմինե Խերանյանն է նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին, մյուս խորհրդական Գարեգին Ոսկանյանը եւս անցած տարի է նշանակվել:

Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. նա այս պաշտոնին էր երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր: Նա վերանշանակվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո. ՀՅԴ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ: Նախկինում, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր, հանդես էր գալիս փոքր գործընկերոջ կարգավիճակում, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էլ կարողանում էր պահպանել իր դիրքերը` փոխմարզպետների միջոցով ղեկավարելով այդ կառույցը: Բայց Սահակյանը փորձում է նույն գործելաոճով շարունակել նաեւ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն դուրս է մղվում ասպարեզից:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց նաեւ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով խիստ վրդովվեց եւ այդ տեղեկությունները որակեց որպես հերհյուրանք: «Նման բան չկա: Մարզպետ կա այնտեղ, ես ինչ գործ ունեմ, իրենք լավ էլ աշխատում են, իմ ինչ գործն է: Եթե դիմեն ինձ ինչ որ հարցով, ես պատրաստ եմ օգնել իրենց: Չէ՞ որ ես այս մարզի բնակիչ եմ: Բայց ես 20 տարի այդ շենքում աշխատել եմ»,- նկատեց նախկին մարզպետը: Տեղեկացնենք, որ Սահակյանը 1996 թվականին զբաղեցրել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչի, 2002 թվականին` մարզպետի տեղակալի, իսկ 2009-ին` մարզպետի պաշտոնը: Եւ 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է մարզպետի պաշտոնից, ում փոխարինեց դաշնակցական Գաբիրել Գյոզալյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` թե 20 տարի աշխատել է այդտեղ եւ այդ պատճառով չի կարողանում բաժանվել շենքից, նախկին մարզպետն արձագանքեց. «Ո՛չ, ես մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո այդ շենք ոտք չեմ դրել եւ ոչ մի փոխմարզպետի հետ չեմ հանդիպել»:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետն այժմ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է, ով անցած տարվա հուլիսին նշանակվեց այս պաշտոնին, իսկ այս տարվա մայիսի 3-ին ազատվեց: Ապա այս տարվա հունիսի 1-ին կառավարության որոշմամբ վերանշանակվեց մարզպետ: Ինչպես հայտնի է, մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում եւ ազատում ՀՀ վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Իսկ տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Բայց պարզվում է, Աշոտ Սիմոնյանը կարծես թե դեռ չի պատրաստվում ՀՀԿ-ական փոխմարզպետներին փոխարինել այլ կադրերով: Ավելին` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ Սահակյանի վերաբերյալ հարցը ծիծաղ առաջացրեց: «Ծիծաղելու չափ ապատեղեկատվություն է: Եթե խոսքը այս մեկ տարվա մասին է, կարծում եմ` դրանից առաջ էլ` մարզպետի պաշտոնից ազտվելուց հետո, ես երբեւէ իրեն մարզպետարանում չեմ տեսել: Այն փոխմարզպետները, որոնք ՀՀԿ քվոտայով նշանակված են եղել, քիչ թե շատ կամ շատ թե քիչ մեծ հաշվով իրականացրել են այն գործառույթները, որոնք իրենց հանձնարարված եղել են: Իսկ ինչ վերաբերում է ներկա պահին, այդ երկու փոխմարզպետներն էլ աշխատանքից ազատվելու են: Նրանց փոխարինելու են: Կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում այսուհետ լինելու է երեք փոխմարզպետ»,- փոխանցեց մարզպետ Սիմոնյանը:

Հ.Գ. Հավելենք, որ Գառնիկ Աթանեսյանն ու Անահիտ Սարգսյանը վարչապետի որոշմամբ փոխմարզպետներ են նշանակվել:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս