Ասում են՝ եթե ուզում ես անձնական կյանք չունենալ, երկրորդ աշխատատեղը գտիր. Իրինա Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքականության ոլորտի իմ նախընտրությունների հարցում ես առաջնորդվում եմ ոչ թե անձերով, այլ գաղափարներով։ Ինձ համար կարեւորն այն է, որ Հայաստանը ծաղկում ապրի, հզորանա, հայերի աչքերը փայլեն, նրանք ապրեն ուրախ եւ անհոգ, իսկ թե ով կլինի երկրի ղեկավարը, էական չէ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Իրինա Հարությունյանը։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վստահություն ներշնչում են արդյոք երգչուհուն, վերջինս պատասխանեց. «Այն, ինչին կողմ է Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը, կողմ եմ նաեւ ես։ Ասում են՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, ես համաձայն եմ։ Իհարկե, սպասելիքներս մեծ են, ցանկություններս՝ շատ, ինչպես ժողովրդի մեծամասնության դեպքում»։

Իրինան խոստովանում է, որ վերջին ամիսների քաղաքական թոհուբոհն իր անմիջական ազդեցությունն է ունեցել շոու-բիզնեսի վրա. «Շոու-բիզնեսը բաժանվեց տարբեր ճամբարների՝ հեղափոխականների, հակահեղափոխականների եւ այլն։ Բայց ցանկալի կլիներ, եթե քաղաքականությունն այս դաշտ չմտներ, ամեն մարդ գնահատվեր իր կատարած աշխատանքով»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Մենք խոսեցինք նաեւ երգչուհու անձնական կյանքից։ Հարցրինք՝ ամուսնալուծությունից հետո Իրինան մտածու՞մ է արդյոք երկրորդ անգամ ամուսնանալու մասին (Ի դեպ, այդ ամուսնությունից Իրինան երկու զավակ ունի՝ մեկ դուստր եւ մեկ որդի-հեղ.). «Գիտե՞ք, կյանքի այս փուլում զբաղվածությունս շատ մեծ է, առավոտից երեկո միայն գործով եմ զբաղված, որի արդյունքը կերեւա երկու ամիս անց միայն։ Այն, ինչ իրականացվում է, դեռ «սեւագրային» փուլում է։ Այդ է պատճառը, որ անձնական կյանք ունենալու ժամանակ պարզապես չկա։ Ասում են՝ եթե ուզում ես անձնական կյանք չունենալ, երկրորդ աշխատատեղը գտիր: Կարծում եմ՝ դա իսկը իմ մասին է»,-եզրափակեց Իրինան։

Անի Անտոնյան




Լրահոս