ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում բնակարանից վերջերս գողություն էր կատարվել, դիմել է ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց այն մասին, որ հունվարի 25-ին` Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել ՀՀ հաշվեքննիչ պալատում որպես գլխավոր մասնագետ աշխատող Արմեն Հովհաննիսյանը եւ հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը եւ գողություն կատարել:
«Ժողովուրդ» օրաթերթին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Արմեն Հովհաննիսյանի մտերիմները մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրականում այն, ինչ հրապարակվել է մամուլում, թե 15 միլիոնի գողություն է եղել, իրականությանը չի համապատասխանում: «Տանից միլիոնների ապրանք չեն տարել, այլ տարել են մի քանի զարդ, սակայն այս իրավիճակում մտահոգիչ է այն, որ իրավապահները համապատասխան քննչական գործողություն դեռ չիրականացրած` կատարվածի մասին շտապում են հայտնել մամուլին եւ այլն էլ ոչ հավաստի տեղեություններ` ոտնահարելով մեր հարազատների իրավունքները»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գողերը երբ մտել են տուն, գլխավոր մասնագետի որդին քնած է եղել, եւ Աստծուց գոհ են այն բանի համար, որ նրան չեն վնասել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել իրավապահների իր տան շուրջօրյա անվտանգությունը ապահովելու համար: «Գողերը չեն հայտնաբերվել: Արմեն Հովհաննիսյանի անունը հրապարակվել է, ինքը անհանգստանում է իր ընտանիքի համար, դրա համար դիմում է ՄԻՊ, որ իր անձնական տվյալների սկզբունքը անտեսել են եւ հրապարակել են»,- նշեց մեր զրուցակիցը: