Արման Բաբաջանյանը՝ Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է երեկ երեկոյան արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ միջադեպին: Հայտնել էինք, որ երեկ երեկոյան նրան էին մոտեցել մի քանի երիտասարդներ և սկսել էին նրան հարցեր ուղղել: Արման Բաբաջանյանի հայտարարության մեջ ասվում է.

«Խստորեն դատապարտում եմ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանքը

Երեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ վերջինս ուղղակի ներքաշվել է այդ միջադեպի մեջ: Դատելով տարածված ձայնագրությունում հնչող խոսքից` սփյուռքահայ մի երիտասարդ ակնհայտ ագրեսիվ վարքագծով մոտեցել է Զոհրաբ Մնացականյանին` նրան հարցեր ուղղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ:

Տեսանյութում պարզորոշ երևում է սակայն, որ այդ երիտասարդի նպատակը ոչ թե իր տված հարցերի պատասխանները ստանալն էր, այլ արտգործնախարարին հունից հանելը, ինչը մասամբ նրան հաջողվում է:

Հետևաբար տեղի ունեցածը պետք է գնահատել որպես սադրանք Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ: Կատարվածը կարելի էր համարել սովորական միջադեպ, եթե չլիներ այն քաղաքական լայն համատեքստը, որն առկա է վերջին շրջանում: Խոսքը տարբեր միջադեպերի, քաղաքական ու կենցաղային սադրանքների միջոցով երկրում անկայության արհեստական մթնոլորտ ձևավորելու փորձերի մասին է: Մեծ հավանականությամբ, Զոհրաբ Մնացականյանի հետ կատարվածը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում և բացառված չէ անգամ, որ կազմակերպված լինի այն ուժերի կողմից, որոնք շահագրգիռ են Հայաստանում անկայունություն կամ անկայունության պատրանք ստեղծելու հարցում:

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում առաջիկայում լինել առավելագույնս զգոն ու չտրվել նման սադրանքների, որոնք այդպիսիք, ամենայն հավանականությամբ դեռևս տեղ են ունենալու մեր կյանքում»:




Լրահոս