ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Facebook սոցիալական ցանցում հարցումներ են անցկացվում տարբեր մարդկանց կողմից, որ եթե այսօր լինեին խորհրդարանական ընտրությունները, ձեր ձայնը ո՞ր կուսակցությանը կտայիք: Արդյունքներով առաջնային տեղ են գրավում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: «Ժառանգություն» կուսակցությունը դուրս է մղվել ցուցակից: Ձեր կարծիքով, արդյո՞ք հասարակությունը «Ժառանգություն» կուսակցությանը չի տեսնում հաջորդ խորհրդարանում:ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք` Հայաստանում ինչ է կատարվում, ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում, ինչպես են քարոզչական աշխատանքներ իրականացնում, չհաշվենք նաեւ այն, որ նույն մարդը կարող է տարբեր անուններով գրանցվել այդ սոցիալական ցանցում:  Սա ընդամենը քարոզչական հնարք է, այսպես ասած, ֆինանսապես լավ ապահովված կուսակցությունները համապատասխան երիտասարդներով համալրում են այդ ցանցերը: Ես, օրինակ, Facebook-ում գրանցված եմ, բայց ոչ մի անգամ  քվեարկությունների չեմ մասնակցել: Ամենաակտիվը եւ ժողովրդի կողքին եղել է «Ժառանգություն»-ը, եւ մենք մեր աշխատանքն ենք տանում, ու կարծում եմ, որ դա «անհետեւանք» չի մնա, եւ հասարակությունն ընտրությունների ժամանակ համապատասխան վերաբերմունք կարտահայտի: Մարդիկ, որոնք այդ ցանցերից օգտվում են, շատ լավ գիտեն, որ դա ընդամենը քարոզչական հնարք է: Շատ ավելի վտանգավոր է այն քարոզարշավը, որը սկսվել է «Ժառանգության» դեմ. հեռուստաընկերություններ, «փորձագետներ», «անկախ փորձագետներ», որոնք էլ բարձրաձայնում են, որ հաջորդ ընտրություններին իբրեւ թե «Ժառանգություն»-ը խորհրդարանում տեղ չի ունենալու: Եթե «Ժառանգություն»-ն այդքան աննկատ է, ապա ինչո՞ւ է մեր կուսակցությունը բոլորի հոգսը: Պարզ է, որ «Ժառանգության» հեղինակությունը հանգիստ չի տալիս ոչ մեկին` թե՛ իշխանական դաշտում, թե՛ ընդդիմադիր դաշտում, քաղաքական տեխնոլոգիայի առումով դա նորմալ պրոցես է: Իրենք ուզում են կեղծ տպավորություն ստեղծել, բայց հասարակությունը լավ գիտի, թե մենք ինչ ենք անում եւ վերջ:ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ




Լրահոս