Իրականում ես շատ լուրջ եմ վերաբերվում այս վարակին, եւ պարետի բոլոր որոշումները պետք է պարտադիր բոլորն անխտիր կատարեն՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Անդրանիկ Հարությունյանը։
«Մինչեւ սահմանափակումների թուլացումը հիվանդության դեպքերն ավելի քիչ էին, իսկ հիմա լիքը բաներ բացել են, բայց ասում են, գոնե օգտվեք համապատասխան կանխարգելիչ միջոցներից, որպեսզի վարակը քիչ տարածում ունենա, դա էլ չեն անում, պետք է շատ խիստ դրվի այս հարցը»,-նշեց դերասանը։
Անդրանիկ Հարությունյանի կարծիքով՝ ինչքան այս ամեն ինչը շուտ ավարտվի, այնքան լավ, քանի որ արվեստի բնագավառում աշխատավարձ ստացող դերասաններն այսօր խնդրի առաջ են կանգնել։
«Հա՛մ հանդիսատեսին ենք կարոտել, հա՛մ մեր աշխատանքին, ու այս ամեն ինչի հետ բոլոր խնդիրները ջրի երես են դուրս գալիս, բայց ամեն դեպքում ինչքան շուտ պարետի որոշումներին հետեւեն, այնքան շուտ կավարտվի այս մղձավանջը։ Բողոքում ենք՝ ասում ենq բացեք սահմանափակումները, եթե այսօր 280 հոգի է, ապա բացելուց հետո լինելու են 1000 հոգի․ ինչու մեկ ամիս չհամբերենք, որ երկրորդ ամսից նորմալ աշխատենք»,-ընդգծեց նա։
Խոսելով այդքան համեմատված հարեւան Վրաստանի մասին, թե ինչպե՞ս կարողացան նրանք հաղթահարել, իսկ մենք՝ ոչ, դերասանը նշեց, որ նա չի հավատում Վրաստանի կառավարությանը․ « Կարծում եմ Վրաստանի կողմից խաբկանք կա , ճիշտ չեն ասում թվերը: Ես կարծում եմ, որ ամենաճիշտը ժողովուրդին ասելն է, թե ինչքան վարակված կա, ինչքան մահ, որպեսզի քաղաքացիներն ավելի զգոն լինեն, համենայնդեպ, ես այդպես եմ մտածում»։
Լիդա Եղիազարյան