ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ՝ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջեւում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների եւ նոր համակարգ ձեւավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները: Բանն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղահրամյանին: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռեւս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները եւ դառնալ Արցախում գործոն: Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում: Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղահրամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը: Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից: Նաեւ Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաեւ նրա առանձնատունը: Ու սա դեռ սկիզբն է, ինչն էլ հենց անհանգստացնում է Արցախի էլիտային: Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից:

 

 

 

Իշխանությունների ներսում ճաքերի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պարետ Տիգրան Ավինյանի լարված հարաբերությունների մասին բազում հրապարակումներ են լինում: Նույնիսկ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի եւ Տիգրան Ավինյանի միջեւ միջադեպն ընկալվեց այդ կոնտեքստում: Ու երբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի վերջին մի քանի նիստերն էլ վարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանություններն ավելի շատացան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք Ավինյան-Փաշինյան լարվածությամբ է պայմանավորված վարչապետի՝ նիստեր վարելը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ լարվածությունն իրականում գոյություն չունի: Խոսնակը հավելեց, որ ի սկզբանե, երբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստերը գլխավորել: Կարճ ասած, այդ փաստի մեջ այլ բաներ փնտրելը ճիշտ չէ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռեւս չի հարցաքննվել»: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ընկերություններից մեկի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ: Մեր տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, այս գործով էլ Տիգրան Արզաքանցյանին կանչելու են հարցաքննության: Փորձեցինք խոսել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

Կիրակի օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած զանգվածային գործողությունները այս երկու օրերին տարաբնույթ մեկնաբանություններ ստացան։ Ոմանք կատարվածը դիտարկեցին որպես մերժված ուժերի ռեվանշի փորձ, ոմանք՝ զուտ սյունեցիների բարկության դրսեւորում։ Սակայն կատարվածն իրականում ակնհայտորեն կուտակված ցասում էր, որի բռնկված կրակի վրա կարող էին շատերը տաքացնել իրենց ձեռքերը։ Հիշեցնենք՝ Քաջարանից ձերբակալված եւ ՀՀ ոստիկանության կողմից բռնության ենթարկված 3 քաղաքացիների ազատության համար հարյուրավոր քաղաքացիներ խմբվել էին Կապանի ոստիկանության մոտ։ Երեկ ողջ օրը քաղաքական շրջանակներում քննարկվում էր վարկածը, թե ակցիայի իրական կազմակերպիչը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վահե Հակոբյանի հետ միասին։ Ինչպես հայտնի է, Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել եւ իշխանափոխության պահանջ ու ցանկություն բարձրաձայնել։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն էր քաջարանցիներին հավաքել Կապանում։ Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Բոլոր այդ լուրերը մտացածին են։ Ես կապ չունեմ այդ գործողությունների հետ»։

 




Լրահոս