Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք:
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ երկու շաբաթ առաջ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը:
Հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել եւ ընթանում են նաեւ խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կառուցվում է 10 կիլոմետր երկարությամբ ջրատարի արտաքին ու ներքին ցանց, ջրավազանների հարակից տարածքում ցանկապատ է տեղադրվում, կատարվում է նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Ծովագյուղ համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի ավարտին մարզպետը եղել է նաեւ Ծովագյուղի բուժամբուլատորիայում՝ ծանոթանալով դրա աշխատանքային առօրյային, համավարակի դեմ պայքարի միջոցառոջւմների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, ամբուլատորիայի տնօրինության եւ աշխատակիցների հետ քննարկել ընթացիկ աշխատանքային հարցեր, տվել անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականններ: