1303 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն՝ ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Համաձայն Կառավարության որոշման` այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կստանա 1303 ուսանող, որոնցից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում:

2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է:

Հիշեցնենք, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում:

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ:

Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):




Լրահոս