Սահմանադրական դատարանն այսօր ստացել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Ըստ այդմ, եռօրյա ժամկետում որոշվելու է՝ արդյոք դիմումը համապատասխանո՞ւմ է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին, թե՞՝ ոչ: Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր դատարան է դիմել մասնավորապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 79-րդ հոդվածին և 155-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Սահմանադրության և վիճարկվող օրենքի վերոհիշյալ հոդվածները վերաբերում են Զինված ուժերին և գլխավոր շտաբի պետին, պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելուն, աշխատանքային իրավունքներին և Զինված ուժերի բնագավառում նախագահի լիազորություններին։
Հավելենք, որ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագահականը հաղորդեց այսօր առավոտյան։
Միևնույն ժամանակ քիչ առաջ Օնիկ Գասպարյանը կրկին հայտարարություն տարածեց՝ ասելով, թե իր դիրքորոշումն անփոփոխ է եւ դիմելու է Վարչական դատարան: