ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ու Իրանի նախարարի այցը. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Այցի մասին հայտնի է դարձել մայիսի 24-ի առավոտյան: Զարիֆը մայիսի 25-ին կայցելի նաև Բաքու:

Այստեղ ուշագրավ է, որ այսօր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ  քննարկել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։

Անդրադառնալով Հայաստանի սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանն՝ Արա Այվազյանը շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրանը խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ ​ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:

Սահմանային այս լարվածության ֆոնին օրեր առաջ Հայաստանն ու Իրանը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի» ծրագիրը: Նախարար Էսլամին ևս մեկ անգամ Իրանի իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել գործարկել այդ «կարևորագույն տրանսպորտային միջանցքը, ընդգծելով` այն կնպաստի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլև` անվտանգության ապահովմանը»:

Հարավային Ասիան Եվրոպային կապող այս նախագիծը Թեհրանը առաջ է քաշել հինգ տարի առաջ` 2016 թվականին, այսօրվա դրությամբ դրան միացել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը:

Թեհրանը նախընտրում է Հայաստանով անցնող ճանապարհը, որպեսզի, ըստ վերլուծաբանների, այլընտրանք ունենա տարածաշրջանային մրցակից Թուրքիայի ու նրա աջակից Ադրբեջանի տարածքով անցնող ուղիներին: Ըստ այդմ, Պարսից ծոց-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան ձևավորվող միջանցքը շրջանցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս