Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չկարողացավ զսպել արցունքները՝ հայտարարելով կատալոնական ակումբից հեռանալու մասին, որտեղ նա անցկացրել է 21 տարի:
Նա մամուլի ասուլիս էր հրավիրել «Բարսելոնայից» հեռանալու վերաբերյալ: Արգենտինացին ընտանիքի հետ լաց եղավ և հայտարարեց, որ ցնցված է նոր պայմանագիր կնքելու անհնարինությունից: Ֆուտբոլիստի խոսքերով՝ առաջիկա տարիներին նա մտադիր է վերադառնալ ակումբ, իսկ այլ թիմ տեղափոխվելու հարցը դեռ լուծված չէ:
«Բարսելոնան», ճանապարհելով Մեսսիին և խոսելով նրա թողած ժառանգության մասին, ցուցադրեց ակումբում տարիների ընթացքում խաղացողի նվաճած բոլոր գավաթները: Ընդհանուր առմամբ՝ 35 տարբեր գավաթներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի չորս և Իսպանիայի 10 առաջնությունների:
Մամլո ասուլիսի սկզբում Մեսսին երկար ժամանակ բառեր չէր գտնում և լաց էր լինում: Մեսսին նշեց, որ երբեք չէր սպասում, որ ի վերջո ստիպված կլինի լքել ակումբը:
«Ճիշտն ասած, ես ոչինչ չեմ կարող մտածել: Հաշվի առնելով, որ իմ ամբողջ կարիերան այստեղ եմ անցկացրել, ինձ համար դժվար է այլ բանի մասին մտածել: Ես պատրաստ չեմ դրան»,- հայտարարեց Մեսսին։