Նոյեմբերի 12-ին դերասանուհի Լիլիթ Բադանյանն իր երկրպարգուների դատին է հանձնել նոր տեսահոլովակ «Ամենալավ նվերը» երգի հիման վրա։ Դերասանուհին նոր տեսահոլովակի առթիվ կազմակերպել է գեղեցիկ շնորհանդես եւ կիսվել իր նոր աշխատանքով սիրելի ընկերների հետ:
ArmLur.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է երգի ստեղծման մանրամասներին մասին:
Նշենք, որ երգի հեղինակը նրա ընկեր, երգիչ, երգահան Վլադիմիր Պողոսյանն է, իսկ գործիքավորումն արել է Էմանուել Հակոբյանը:
Դերասանուհու խոսքով՝ երգը ստեղծվել է հատուկ նրա ընկերոջ՝ Հայկի հարսանիքի համար, ով կնոջը երգի տեսքով հարսանեկան անակնկալ նվեր է մատուցել:
«Մտահղացումը եղել է անձամբ Հայկինը, ով որոշել էր գեղեցիկ անակնկալ մատուցել կնոջը երգի տեսքով: Հարսանիքին երգը հնչելուց հետո եղան շատ լավ ու դրական արձագանքներ, եւ միանգամից երգը սիրվեց ունկնդրի կողմից: Մտածեցինք՝ կարելի է թեմատիկ տեսահոլովակ ստանալ: Օգտվեցինք հարսանիքի կադրերից, ինչպես նաեւ նկարահանեցինք իմ մասնակցությամբ կադրեր, որն էլ ավելի գեղեցկացրեց եւ հագեցրեց տեսահոլովակը, եւ արդյունքում ստացանք շատ համեստ տեսահոլովակ: Տեսահոլովակի արձագանքները նույնպես շատ դրական են եւ ամենակարեւորն այն միանգամից սիրվել է, հատկապես կրկներգը շատ հիշվող է եւ մարդկանց հիշողության մեջ երկար է մնում»,-մանրամասնեց Լիլիթը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ի սկզբանե նպատակ չի ունեցել տեսահոլովակի մեծ շնորհանդես անել, բայց սա եւս մեկ հնարավորություն էր ընկերների հետ ջերմ ու լավ օր անցկացնելու. « Շատ լավ առիթ էր օրս ընկերներիս հետ կիսելու եւ միասին ուրախանալու մեր աշխատանքի հաջողությամբ, մանավանդ, երբ Հայկի հարսանիքից կային կադրեր, եւ ամենակարեւորը՝ կյանք կար այդ ամենի մեջ: Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որ մշտապես իմ կողքին են եւ ինձ հետ միասին ուրախանում եւ կիսում են իմ բոլոր հաջողությունները»:
Հարցին՝ արդյոք առաջիկայում կլինե՞ն այլ երգեր, Լիլիթն ընդգծեց, որ ինչպես առաջին երգը, այնպես էլ իր բոլոր երգերը ստեղծվել են հանկարծակի՝ առանց պլանավորելու:
«Օրինակ՝ առաջին երգս երգեցի ֆիլմի համար, երկրորդը՝ ընկերոջս հարսանեկան նվեր արեցի: Բացի այդ մարդկանց, անկեղծ եւ դրական արձագանքները ոգեւորում են ինձ եւ ցանկություն առաջացնում եւս մեկ գործ ներկայացնելու իմ լսարանին: Այս պահին դեռ մտածում եմ նոր գործի մասին, բայց այն կլինի լրիվ այլ ոճում. փակագծերը դեռ չեմ ուզում բացել, քանի որ ամեն բան կախված է երկրի վիճակից»,-հավելեց դերասանուհին:
Լիդա Եղիազարյան