Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am):
Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Տեղեկացնենք, որ մինչ այս, ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները:
Ըստ այս գերատեսչության հիմնավորման՝ ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Այս ամենի արդյունքում կկրճատվի աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը:
Ս.Հ.