Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի նախատեսված եռակողմ հանդիպմանը եւ կարեւորել երկխոսության շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը եւ Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական եւ ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
Հիշեցնենք, որ Բաքուն մարտի 14-ին հրապարակել է Հայաստանին ուղղված հինգ կետերը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ եւ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
- պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- տրանսպորտի եւ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային եւ արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
Առաջին անգամ Երեւանին ներկայացված հինգկետանոց փաստաթղթի մասին խոսել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական Anadolu պարբերականին տված հարցազրույցում։
«Ուղերձն այն է, որ բռնազավթման գործոնն արդեն վերացել է։ Այս իրավիճակում ադրբեջանական կողմը, չնայած անցյալի բոլոր դժվարություններին եւ խնդիրներին, հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»,- ասել էր ադրբեջանցի նախարարը։
Բայրամովի խոսքով՝ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանը որեւէ պատասխան չի տալիս Ադրբեջանի առաջարկին։ «Ադրբեջանը վերջերս նոր առաջարկ է ուղարկել Հայաստանին, որպեսզի ցույց տա իր բարի կամքը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորում։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունները զարգացնել որոշ սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի այդ հարցերն ու պատասխան տա։ Եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, ապա սա հիանալի հնարավորություն է նրա համար։ Առաջիկայում հայտնի կլինի Հայաստանի պատասխանը, եւ, բնականաբար, մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- թուրքական պարբերականին ասել էր Բայրամովը։
Իսկ, ահա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված քայլերը։
«Բացի այդ, մտքերի մանրակրկիտ փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11ին եւ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»,- հավելել է Զախարովան։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՄՆ-Ի ՊԼԱՆԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանկային համակարգը. ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, ըստ որում՝ պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Ապրիլի 6-ին իր Telegram ալիքում այս կարծիքն Է հայտնել «Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Վաշինգտնի պլանը չհաջողվեց: «Դժոխային» պատժամիջոցները չգործեցին: Հույս ունեին կործանելու տնտեսությունը, կազմալուծելու Ռուսաստանի բանկային համակարգը: Չստացվեց»,- գրել Է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ ՌԴ-ն «միջոցներ ունի հաշիվներում իր պարտավորությունները լրիվ ծավալով կատարելու համար նույնիսկ պատժամիջոցների պայմաններում», ըստ որում՝ «ԱՄՆ-ի ստեղծած իրադրությունը խփում Է հենց իրեն եւ իր քաղաքացիներին»:
ԱՆՁԱՄԲ Է ՀՐԱՀԱՆԳԵԼ
Ռուսաստանի կառավարությունը Կիեւի մարզից զորքերը դուրս բերելու որոշում է կայացրել՝ բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու նպատակով։ Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ռուսական զորքերը դուրս բերել Կիեւի մարզից։ «Բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով մենք ցանկացանք բարի կամքի ժեստ անել։ Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ընթացքում, այդ իսկ պատճառով նախագահ Պուտինը հրամայել է մեր զորքերին լքել մարզը»,- ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ. այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների (ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից) իրագործման շուրջ, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
7.4 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8 տոկոս: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մարտին, փետրվար ամսվա համեմատ, թանկացել է 2.3 տոկոսով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2022թ. մարտին, փետրվարի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով: Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Իջեւանում: Երեւանում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4 տոկոսով: Հացն է թանկացել. պաշտոնապես հացի գինը մեկ ամսվա ընթացքում 3 տոկոսով բարձրացել է: Վերջին օրերին հացի գինը 20-30 դրամով բարձրացել է: Նշենք, որ միաժամանակ թանկացել է նաեւ ալյուրն ու մակարոնեղենը: Օրինակ՝ ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 10.8 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 18.2 տոկոսով: Թանկացել է նաեւ բրինձը, հաճարը, ոսպը, հնդկացորենը: Բրինձը թանկացել է 4.6 տոկոսով: Կարագի գինն է մեկ ամսվա ընթացքում բարձրացել 4.1 տոկոսով, թարմ կաթը թանկացել է 2.1 տոկոսով:
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՓՈԽՎԵԼ Է
Արցախի Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում է եղել պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված ԱԺ-ի հայտարարությունը: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հայտարարությամբ կոչ է անում համահայկական մակարդակով ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ: Ըստ Արցախի խորհրդարանի հայտարարության՝ Հայաստանի կողմից «Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը եւ համահայկական միասնության մթնոլորտի ձեւավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար»:
Armlur.am-ը տեղեկացավ, որ 33 խորհրդարանականներից 29-ի ձայներն է ստացել հայտարարությունը, եւ Արցախի Ազգային ժողովը համոզմունք է հայտնում, որ «Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը»: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը»,- հայտարարում է Արցախի Ազգային ժողովը: