Քրեական ոստիկանությունում անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։
Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվեցին մի խումբ անձինք: Իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարությամբ զբաղվող հասարակական կազմակեպության անդամ չեն, սակայն ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով խոստացել էր կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ։ Այդ նպատակով ֆեդերացիայի նախագահը նրանցից վերցրել էր, նախնական տվյալներով՝ 1500-ից 8 հազար դոլար:
Իսկ մեկնելու առիթը ապրիլի 18-ից 28-ը Ֆլորիդա նահանգում տեղի ունենալիք ուսումնավարժական հավաքին մասնակցելն էր: Պարզվել է նաև, որ հասարակական կազմակերպության նախագահը քրեական ոստիկանություն հրավիրված անձանց, նախկին ամսաթվերով, ձևակերպել է որպես կազմակերպության անդամ ու աշխատակից։ Նաև կազմակերպել է նրանց անվամբ փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելը: ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու համար:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: