Ապրիլի 18-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Այս դիմումը հակակառուպցիոն կոմիտեում քննության առարկա է դարձել:
«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը՝ դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է: Եվ, ահա, հարազատները դիմումը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին եւ վաղը կիմանան, թե ինչ ճակատագրի արժանացավ իրենց դիմումը:
Հիշեցնենք, որ զինվորների գործով կա մեկ կալանավորված հրամանատար՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը: Նրան մեղադրում են հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: «2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման մշտական մարտական եւ զորահավաքային պատրաստակամության, ստորաբաժանման մարտական խնդիրների հաջող կատարման համար»՝ պատերազմի օրը՝ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսեւորել է իշխանության անգործություն:
Նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի), Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում «ԳԱԶ» մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել:
Ըստ այս որոշման՝ Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: Նրանք էին Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք տվեց դատախազությունը զինվորների հարազատների բողոքին , որտեղից ի պատասխան՝ մեզ հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված եւ քննվող քրեական գործին կցելու եւ համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով»:
Ասել է թե՝ կոմիտեն քննում է ծնողների բողոքը, հետեւենք զարգացումներին, տեսնենք՝ նախաքննական մարմինը համարձակություն կունենա արդյոք պատասխանատվության կանչելու մեղավորներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի կողմից հորեղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը հորեղբոր՝ Երասխահուն գյուղի տանը վերջինիս պատկանող հողամասը վարձակալությամբ այլ անձի տրամադրելու հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Զարուհի Մկրտչյանին դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 14-ի ԲԴԽ-39-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Զարուհի Մկրտչյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – ասվում է հրամանագրում:
ԿԱՐԳԵԼՎԻ
Աբովյան քաղաքում կարգելվի կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների, մերսման սրահների տեղակայումը բնակելի եւ ոչ բնակելի շենքերի տարածքում: Բացի այդ, դրանց տեղակայումը կարգելվի նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, համայնքապետարանների, բժշկական հաստատությունների տարածքներում: Ավելին, Կոտայքի մարզպետարանն առաջարկում է՝ կարաոկեների, դիսկոտեկները, սաունաները, մերսման սրահները լինեն բնակելի եւ ոչ բնակելի շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 1000 մետր հեռավորության վրա:
6-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին մահամերձ վիճակում Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանի խոսքով՝ երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ: «Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել, պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք, սիրտը կանգ առավ»,- տեղեկացրել է հիվանդանոցի տնօրենը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Շիրազի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել եւ ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գեւորգ Հ.-ն: Ոստիկանության փոխանցմամբ՝ Գ.Հ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Գեւորգ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետեւանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է։ Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: