«ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԸ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ Է». ՔԱՂԱՔԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական շահը չի պահպանվել: Նա զարմանում է, որ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով զբաղվելու է մի հանձնաժողով, որը նախկինում նման բան անելու մանդատ չի ունեցել:

 

-Բրյուսելում 3-րդ անգամ են հանդիպել Փաշինյանը, Ալիեւը եւ Շառլ Միշելը: Ի՞նչ գնահատական կտաք: Հայտարարության մեջ կա՞ր հայկական շահ:

-Հայկական շահ բացարձակ չկար: Հայկական շահը ոտնահարված է, եւ դա ցույց տվեց այդ հայտարարությունը: Այնտեղ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգային հարցերի վերաբերյալ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, այսինքն՝ սահմանագծում-սահմանազատում հարցը Ադրբեջանն է առաջ մղում, որպեսզի Հայաստանն իրենից արեւելք ամեն ինչ ճանաչի Ադրբեջան: Ու սրա վերաբերյալ, Եվրոպական միության աջակցությամբ, ձեւավորվում են հանձնաժողովներ, այսինքն՝ առաջ են տանում, իսկ դա մեր շահերին հակասում է այն տեսանկյունից, որ եթե ամբողջական սահմանագծում-սահմանազատում անում ենք հատկապես Արցախին հարող հատվածում, նշանակում է՝ վե՛րջ, մենք ձեռքներս լվանում ենք: Միջանցքների տրամաբանության հետ կապված բան ֆիքսվեց կոմունիկացիոն ապաշրջափակման անվան տակ, բայց, իմ դիտարկմամբ, ամեն ինչ բերելու, հանգեցնելու է նրան, որ ադրբեջանցիներն ասելու են՝ ինչ ռեժիմով Լաչինի ու Արցախի հետ կապ է լինում, այդ նույն ձեւով Նախիջեւանն արեւմտյան շրջանների հետ Ադրբեջանին է կապվելու:  Այսինքն՝ երկու կարեւոր օրակարգ առաջ տարան ադրբեջանցիները  ու ունեցան հստակ ձեռք բերված պայմանավորվածություն, իսկ Արցախի կարգավիճակի հարցում որեւիցե բան չկար:

-Անսպասելի՞ էր, որ նման կերպ կլինի:

-Իհարկե ոչ: Անսպասելի չէր, ինչի՞ մասին է խոսքը: Եթե անսպասելի լիներ, մենք այստեղ չէինք լինի:

-Ի՞նչ ենք անում, որպեսզի դրա դեմն առնենք: Տպավորություն է, թե միայն ճառեր են հնչում:

-Այսօրվա (երեկվա) գործողությունը շատ կարեւոր էր. շրջափակվեց Արտաքին գործերի նախարարության շենքը, թույլ չտրվեց, որպեսզի բնականոն աշխատանքները կայանան:

-Դրանից պետք է դասեր քաղե՞ն:

-Նախ դա նաեւ նրա համար է, որպեսզի ժողովուրդն ամբողջությամբ դուրս գա, միանա: Չպետք է սպասի նույնիսկ կոչերին: Բրյուսելյան հայտարարության վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ տրվեցին, եւ այդքանը  բավական էր, որ մարդիկ ինքնաբուխ դուրս գան  եւ թույլ չտան: Այսինքն՝ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանատու այն կառույցն է ցանկացած հայտարարության համար, որն ընդունվում է Հայաստանի շահերին վերաբերող: Լեռնային Ղարաբաղ տերմինը նույնիսկ չկար. սա նույնպես ադրբեջանամետ շեշտադրում էր:

-Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկա: Ի՞նչ է սա նշանակում:

-Սա շատ, շատ վտանգավոր բան է: Այսինքն՝  հայ-ադրբեջանական հարաբերություններով սկսում է մի կառույց զբաղվել, որը  երբեք մանդատ չի ունեցել: Անգամ 44-օրյա պատերազմից հետո ինքը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռեւս լուծված չէ: Եվրամիություն կառույցը միշտ բոլոր առիթներով հղում էր անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Նախկինում հայկական կողմը ատամներով պահում էր Մինսկի խմբի ֆորմատը, հիմա սրանք միացել են Ադրբեջանին ու Արցախի հարցը տապալում են:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

Կարմիր չոր գինի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին ձեռք է բերել թվով 6 կարմիր չոր գինի (Zorah Yeraz 2012 Red dry Wine) մեկ շիշը՝ 45 000 դրամ: Այսինքն՝ ընդհանուր գինիների համար ծախսվել է 324 000 դրամ, որից 54000 դրամը Ավելացված արժեքի հարկն է:  Գինիները մատակարարվել են մայիսի 11-ին: Դրանք գնվել են «Արտէքսիմ» ընկերությունից: Ըստ կառավարության հիմնավորման՝ դրանք գնվել են ներկայացուցչական ծառայությունների համար: Իսկ 3 տուփ շոկոլադապատ չրի համար ծախսվել է 7950 դրամ:  Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմը պետական միջոցներով ձեռք է բերել թվով 6 ոսկեզօծ գորգ՝ վճարելով 255 000 դրամ:

Սա դեռ ամենը չէ. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմը, գինիներից ու գորգերից բացի, գնել է նաեւ հուշանվեր՝ 1 մլն 200 դրամ արժեքով: «Քրիստոսի հարությունը տասներկու տոներով» հուշանվեր, որի ստեղծման ժամանակն է 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի սկիզբը: Նշենք, որ վարչապետի աշխատակազմը այս հուշանվերը գնել է «Մանգասար» ընկերության կողմից:

 

 

 

554 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՄԵՏՐՈՅԻՆ

Երեւան Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երեւանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի առաջին փուլի համար. որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու նիստում։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդռնես Անվանեսովի հարցին, թե այդ 554 միլիոնը ոնց է հաշվարկվել, արդյոք առաջին փուլի համար սա քիչ կամ շատ չէ՝ մտահոգություն հայտնելով, որ գուցե շատ է, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ գինը որոշվել է մրցույթով, եւ գնագոյացման արդյունքում շահող կազմակերպության հետ ստացել են այդ առաջարկը։ Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանն էլ հավելեց՝ գինը ո՛չ բարձր է, ո՛չ ցածր է, գինը շուկայական է, ձեւավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում։

 

 

 

ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

«Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում եւ մշտապես լինի օրինական, անհրաժեշտ եւ իրավիճակին համաչափ»,- ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին պատասխանել է ոստիկանական գործողությունների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին.

 

«Հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էի ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչիին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ահազանգել էի, որ ոստիկանները բառացիորեն ծեծում են ցուցարարներին, եւ որ, ցավոք, ունենք վիրավորներ. ցուցարարներից ստացել են ձեռքի սալջարդ, լրագրող Լիա Սարգսյանը ոստիկանական քաշքշուկների ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ունեցել ենք նաեւ վնասվածք ստացած այլ լրագրողներ, որն, իհարկե, անթույլատրելի է։

Պարոն Մեկաչչիին խնդրել էի արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության նահանջին։ Եւ, ահա, ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային եւ տարածաշրջանային պայմանագրերով։ Իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝ երկխոսության, բանակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի միջոցով։ Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում եւ մշտապես լինի օրինական, անհրաժեշտ եւ իրավիճակին համաչափ»։

«Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը եւ կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժեւորում է իր համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ եւ շնորհակալ է տրամադրվող յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար»,-ամփոփում է պարոն Մեկաչչին։




Լրահոս