ԿՍՏԵՂԾՎԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԿԱՄՊՈՒՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի եւ Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր հետագա ծրագրերի առաջխաղացման եւ զարգացման նպատակով:

 

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը եւ հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, դեսպանության ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը կարեւորել է մասնագիտական կրթության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցության ամրապնդմանն ուղղված հուշագրի կնքումը` վստահություն հայտնելով, որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:

«Արդեն հաստատվել է ՀՀ կրթության զարգացման՝ մինչեւ 2030 թվականի ռազմավարական ծրագիրը, որտեղ առանձին եւ շատ կարեւոր մասնաբաժին ունեն հենց մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսում ենք ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ եւ այս գործընթացի շրջանակում կարեւորում ենք ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների զարգացումն ու նոր հնարավորությունների ընձեռումը»,- նշել է նախարարի տեղակալը:

Շնորհավորելով հուշագրի կնքման կապակցությամբ՝ նա կարեւորել է մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված գործընթացը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու եւ առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով նախատեսվում է Երեւանում ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը եւ մեծահասակների կրթությունը: Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն ընդգծել է՝ այս հուշագրի կնքումը հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:

«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում եւ 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը՝ հուշագրի կնքումը կարեւորելով նաեւ Երեւանի եւ Լիոնի միջեւ համագործակցության ամրապնդման համատեքստում:

Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաեւ ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշել է, որ ստեղծվելիք կամպուսի գործունեության կարեւոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական եւ մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Կողմերն արդեն իսկ համագործակցության հեռանկարներ են նախանշել Ալավերդու ուսումնարանի եւ Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի հետ՝ տարբեր մասնագիտությունների գծով փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի եւ Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաեւ ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես՝ Դեբետի «ՔՈԱՖ» կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: Գոհար Գրիգորյանի խոսքով՝ համագործակցության ավելի լայն շրջանակ են նախատեսվում ԵՄ Erasmus+ փոխանակման ծրագրի շրջանակում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն եւս իր լիակատար աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը. «Ծրագրի իրականացումը կարեւորություն ունի ինչպես ֆրանս-հայկական կրթամշակութային, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների համագործակցության շրջանակում: Սա մեծ թվով երիտասարդների թույլ կտա ավելի մոտենալ Ֆրանսիային, կնպաստի նաեւ ֆրանսերենի կիրառմանը եւ առավել տարածմանը»:

 

 

 

ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման եւ Հայփոստից կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։

 

  1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։
  2. ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաեւ փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:
  3. Ազգային օպերատորը` Հայփոստը, այլեւս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի. Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ:

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ, համաձայն ՀՀ կառավարության 23.04.2014թ. թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների։

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԵԿՆԵԼՈՒՑ

Իջեւան խոշոր համայնքի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Արման Արարատի Պողոսյանին, Իջեւան համայնքի Աչաջուր գյուղի բնակիչ,1996թ. ծնված Արգամ Կամոյի Բալասյանին եւ Աչաջուր գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Կարեն Սամվելի Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայողներ, ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ Ն-1586 որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 25-ին, խմբով հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից՝ Արցախի Հանրապետությունում մարտական գործողություններին մասնակցելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ, եւ նրանք վերադարձել են իրենց զորամասի մշտական տեղակայման վայր։ Նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասով։ Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նրանց տվյալները ներառվել են ՀՀ սահմանի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում նրանց հնարավոր ելքը ՀՀ տարածքից արգելափակելու համար։ Սույն քրեական գործով դատական վարույթը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթ, որտեղից էլ վերադարձվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, ուր դատական նիստեր են կայանում։

 

 

 

 

ՀՖՖ-Ն ՉԻ ՕԳՆՈՒՄ

2022թ. նոյեմբերի 5-ին մեկնարկել է Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի 2022-2023 մրցաշրջանը։ Առաջնությանը մասնակցում է նաեւ Իջեւան համայնքի Ազատամուտ բնակավայրը ներկայացնող «Բենտոնիտ» թիմը։ 2019 թվականին հիմնադրված ֆուտբոլային այդ ակումբի հիմնադիրն է նախկինում Ազատամուտ գյուղի վարչական ղեկավար, ապա՝ «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրեն, ներկայումս Հայաստանի մաքսային համակարգում պաշտոնավարող Վահագն Ալավերդյանը։ Նա հայտնեց, որ իր ղեկավարած ֆուտբոլային ակումբը մանկապատանեկան 6 թիմ ունի։ Վ. Ալավերդյանից տեղեկացա, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում Տավուշի սահմանագոտում ստեղծված այդ թիմերին: Վերջինիս խոսքով՝ այդ թիմերը պահելուն ֆինանսապես աջակցում են իր ընկերները, նաեւ «Էկովիզն» կազմակերպությունն է օգնություն ցուցաբերել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս