Հոկտեմբերի 13-ից Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ընկերությունն Այրումի սողանքի գոտում աշխատանքներ չի իրականացնում: Սողանքի գոտում հողի եւ քարի զանգվածի հեռացման աշխատանքների համար ընկերությունը դեռեւս գումար չի ստացել: ՍՊԸ-ի ինժեներ Լադիկ Մամյանից տեղեկացանք, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մասնագիտացված կազմակերպությանը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածի վերականգնման նախագծի համար պատվեր է տվել: Իսկ առայժմ Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված են երթեւեկել սողանքի գոտին շրջանցող Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այն ձգվում է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, «ֆուռերն» էլ լավ թիրախ են ազերի զինյալների համար: Այդ ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը ձգվում է բարձրադիր գոտով եւ ձմռան մերկասառույցին խոշոր բեռնատարները դժվարանում են նեղլիկ ոլորաններում շրջադարձ կատարել: Տավուշի մարզում սկսվել է աշնանային անձրեւների սեզոնը, ինչի պատճառով ճանապարհաշինական աշխատանքներ առայժմ հնարավոր չէ կատարել: Իսկ Այրումի մոտ սողանքից վնասված ճանապարհի վերականգնումն անհրաժեշտություն է:
ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ