ԲԴԽ-Ն ՍԿՍԵՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է մի նոր գործընթացի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից: Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել եւ հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից: Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահ համակարգում ինչ-ինչ խմորումներ են ծավալվում: Դեռ Ամանորին խոսակցություններ են պտտվել այն մասին, որ քաղաքական իշխանությունները դժգոհ են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գործունեությունից, եւ ինքն էլ է հասցրել շատ տեղեր դժգոհել, թե հոգնել է ծանր աշխատանքից, անգամ կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սասուն Խաչատրյանի փոխարեն, որպես լավագույն թեկնածու, տեսել են գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որը պրոֆեսիոնալ քննիչ է եւ հեռանկարային պաշտոնյա: Իրավապահ համակարգում լուրեր կան, որ Խաչատրյանը հասցրել է կարգավորել է իր գործերը քաղաքական իշխանության հետ եւ դեռ շարունակում է պաշտոնավարել: Որքան ժամանակ՝ ապագայում կերեւա:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը առաջինն էր հայտնել, որ հունվարին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահից եւ աշխատակազմի ղեկավարից: Ինչպես գրել էինք, ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ի դեպ, պատգամավորների օգնականները, ի վերջո, հասան իրենց նպատակին եւ ոչ միայն ստացան պարգեւավճարներ՝ հունվար ամսվանից սկսած, այլեւ կստանան ողջ 2023 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները այսքանով չեն սահմանափակվել: Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ առանձնապես ակտիվ չէ այս կամ այն անարդարության դեպքերին արձագանքելիս, դեկտեմբերին դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանին եւ նրանցից հաշիվ է պահանջել, թե որ պատգամավորների օգնականներն են պարգեւավճար ստացել, եւ ինչու իր օգնականը չի ստացել: Այս դիմումի մասին նա բարձրաձայնել է նաեւ խմբակցության գործընկերների հետ հանդիպումների ժամանակ՝ դժգոհելով, որ ուշացրել են իր պատասխանը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավորի հետ, որը չհերքեց մեր տեղեկությունը, որ նման դիմում է գրել, միայն արդարացավ, թե 1.5 ամիս է՝ օգնական չունի, իր օգնականը դուրս է եկել աշխատանքից, ինքն էլ հիմա նոր օգնական է փնտրում: Հուսանք՝ մեր հրապարակումը կօգնի տիկին Մինասյանին՝ գտնելու նոր օգնական, որը, իհարկե, ողջ 2023 թվականը կստանա պարգեւավճար:

 

 

 

 

Աշնանը սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվացել է ու որոշել է Մարտի 8-ի «պատրվակով» փաստացի կաշառել երեւանաբնակներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը մարտի 8-ին Երեւանի փողոցներում ֆիքսել է «Ապրելու երկիր» կուսակցության անվանական տուփերով շրջող քաղաքացիների: Մեր լրագրողի հետ զրույցում քաղաքացիները պատմեցին, որ Մարտի 8-ի առթիվ նվերներ են ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունից: Խնդրեցինք նրանց բացել տուփերից մեկը եւ պարզեցինք, որ մեջը ոչ թե բնամթերք էր, այլ կանացի շարֆիկ: Հիշեցնենք՝ նախկինում էլ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիրն» էր «ընտրամուրաբաներ» բաժանում քաղաքացիներին: Փաստորեն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որ օրուգիշեր նորարարություններից, զարգացումից է խոսում, որոշել է տարբերվել ու, սննդի փոխարեն, աքսեսուարներով սիրաշահել քաղաքացիներին. գուցե ՕԵԿ-ի քաղցր մուրաբաներով ավելի դժվար է եղել քաղաքացիների սիրտը շահել: Այլ կերպ ասած, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը, որոնք մշտապես խոսում են «անկաշառ» եւ թափանցիկ ընտրությունների կարեւորության մասին, որոշել են հետ կանգնել իրենց սկզբունքներից:




Լրահոս