Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև անկլավները, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հաստատեց, որ Հայաստանը պատրաստվում է նաեւ անկլավներ զիջել Ադրբեջանին.
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-ասաց Փաշինյանը:
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ղեկավար Լորիս Միրզոյանի հետ:
-Պարո՛ն Միրզոյան, ըստ էության, վարչապետն այսօր հաստատեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում Հայաստանը պատրաստվում է նաեւ անկլավները զիջել Ադրբեջանին, ինչպե՞ս են Տավուշում ընդունել Փաշինյանի այս հայտարարությունը, քանի որ Տավուշում եւս մի քանի անկլավային գյուղեր կան:
-Մեզ մոտ ընդհանրապես նման խոսակցություն չկա, բայց ո՞ր հայը կցանկանա, որ անկլավները տան, ո՞վ նման բան կուզի, ոչ մեկը, ոչ մի հայ էլ չի ուզի: Բայց չեմ էլ կասկածում, որ նման բան կլինի:
-Չեք կասկածում, որ տարածքնե՞ր կզիջվեն Տավուշից:
-Այո:
-Ըստ ձեզ՝ ինչի՞ հետեւանք են այսքան տարածքային զիջումները՝ պարտությա՞ն, թե՞ սխալ քաղաքականության:
-Դա պարտության հետեւանք է, էլ ինչի՞ հետեւանք:
-Պարո՛ն Միրզոյան, իսկ հանրության շրջանում ի՞նչ մտավախություններ կան:
-Մտավախություններ շատ կան, բայց քաղաքացիների ձեռքին ի՞նչ կա, ուժն է ծնում իրավունք, մտավախություններ, իհարկե, ունեն:
Քրիստինա Մուշեղյան