Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն ուղիղ եթերում խոսել է Սիրիայի, Եգիպտոսյի Հայաստանի հետ խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման հավանականության մասին։
«Մեր նախագահի պաշտոնի ստանձման արարողությանը Հայաստանի վարչապետն այստեղ էր, նշանակում է ինչ-որ փնտրտուք կա։ Սկզբունքային առումով ձեր թվարկած, գուցե նաև չթվարկած երկրների ժողովուրդների հետ որևէ խնդիր չունենք»,-Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Քուրթուլմուշը, պնդելով, թե իբր իրենք թշնամանք չեն տածում վերոնշյալ երկրների ժողովուրդների նկատմամբ, նշել է.
«Մեզնից չբխող պատճառներով լարվածություններ են եղել, եղել են կետեր, երբ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, սակայն ի վերջո, ձեր թվարկած երկրների և մյուս բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, մի մասը մեր հարևան, մի մասը մեր եղբայր երկրներն են։ Հետևաբար Թուրքիայի ակնկալիքներից է այն, որ որպես այստեղի ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք առկա քաղաքական հարցերն արագորեն հարթվեն, այդ հարցերը դուրս բերվեն օրակարգից և, ի շահ երկրների ժողովուրդների, երկկողմ հարաբերություններն ամրապնդվեն»։