«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում Forbes-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերին: «Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինասավորման, ապօրինի զինված խմբավորումների ստեղծման եւ սահմանն ապօրինի հատելու համար: Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է ծախսել Ռուբեն Վարդանյանը»,-գրում է պարբերականը՝ այդպիսով ցույց տալով, որ Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրերը ոչ մի հեռավոր կապ անգամ չունեն ահաբեկչության ֆինանսավորման հետ:
Հրապարակման մեջ ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված խոշոր կրթական, զբոսաշրջային եւ ենթակառուցվածքային, մարդասիրական, ինչպես նաեւ սոցիալական ծրագրերը, մասնավորապես՝ «Տաթեւի վերածնունդ»-ը, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի եւ նրա գործընկերների կողմից 2001-2023թթ. շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացվել Հայաստանում, Արցախում եւ հայկական աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ներդրումներից բացի, մոտ 430 մլն դոլար ուղղվել է կրթական ծրագրերին (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի եւ պատմամշակութային ժառանգութան պահպանան ծրագրերին (20 մլն դոլար), զբոսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման եւ ենթակառուցվածքային ծրագրերին (108 մլն դոլար), գիտության եւ տեխնոլոգիաների, առաջպահության եւ ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն դոլար):
Հոդվածում ներկայացվում է նաեւ խոշոր ծրագրերի ազդեցությունը:
Նշվում է, որ UWC Dilijan-ը, որը «Միացյալ համաշխարհային քոլեջներ -UWC» ցանցի անդամ է, արդեն 820 շրջանավարտ է տվել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպրոցի՝ UWC անդամակցության շնորհիվ միջազգային կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Ուսանողների 74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են ստացել: 2016 թվականին Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:
Անդրադառնալով «Տաթեւի վերածնունդ»-ին՝ նշվում է, որ նրա հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի որակի բարելավումն էր: Հիմա արդեն Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:
«Ավորորա» միաջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 427 նախագծի (ավելի քան 3,2 մլն մարդ): Պարբերականը նշում է, որ նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկողների հիշատակը:
Պարբերականն անդրադարձել է նաեւ դեռ 2008 թվականից Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում իականացված սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն դոլար:
Wildberries-Ը՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա. այս մասին տեղեկացնում է ՀըԽ-ն: Wildberries հիմնադիր եւ սեփականատեր Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ սկսում են աշխատել Չինաստանից արտադրողների եւ վաճառողների հետ: Նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն Wildberries-ի հարթակ բոլոր երկրներում, որտեղ ներկայացված են: Տատյանա Բակալչուկը հավելել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, եւ չինական շուկա դուրս գալը որեւէ կերպ չի ազդի ռուսական շուկայի վրա։ Արտասահմանում ընկերության գործունեությունից ստացվում է ընդհանուր շրջանառության մոտ 10%-ը, մնացածը ստացվում է Ռուսաստանից։
Դեռ ամռանը հաղորդվում էր, որ Wildberries-ը պատրաստվում է մուտք գործել չինական շուկա։ Ընկերությունը հայտեր է ներկայացրել Սինգապուրում, Թաիլանդում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Վիետնամում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Մոնղոլիայում, Աֆղանստանում եւ Հյուսիսային Կորեայում։ Այս պահին Wildberries-ը գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում եւ Ադրբեջանում։ Նախկինում ընկերությունը գործում էր նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում, սակայն 2022-ի փետրվարից այն դուրս է եկել այդ երկրներից։ Wildberries-ը Ռուսաստանում առցանց առեւտրի ամենամեծ շուկան է: Այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների եւ ծառայությունների վաճառքից շրջանառությունն աճել է գրեթե 100%-ով եւ կազմել 1,22 տրիլիոն ռուբլի։
ԹՌԻՉՔՆԵՐ՝ ԱՄԱՆՈՐԻՆ
Ամանորին ընդառաջ՝ «Ժողովուրդ» օրաթերթը կազմել է փոքրիկ սանդղակ, թե որքան են կազմում դեպի Ռուսաստան եւ Արաբական Միացիալ Էմիրություններ տոմսերի արժեքները։
Հայկական FlyArna ավիաընկերությունում Ամանորի նախաշեմին մեկնման տոմսերի արժեքը կսկսվի 56 հազար դրամից, որը իր մեջ ներառում է միայն 10 կիլոգրամ ձեռքի ուղեբեռ։ Ավիաընկերությունում ուղեբեռ ունենալու եւ ավիաընկերության բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում տոմսի արժեքը կհատի 100 հազար դրամի շեմը։ FlyArna ավիաընկերությունը դեկտեմբերի 31-ին թռիչքներ չի իրականացնի։
Դեպի Դուբայ՝ Արաբական Միացիալ Էմիրություններ, տոմսերի արժեքը Ամանորի նախաշեմին կսկսի 125 հազար դրամից, որն իր մեջ չի ներառի ոչինչ, բացի 10 կգ ուղեբեռից։ Եթե ցանկանաք օգտվել ավիաընկերությունում ուղեբեռ ունենեալու հնարավորությունից եւ ավիաընկերության բոլոր ծառայություններից, ապա ավիատոմսերի արժեքը կսկսվի 150 հազար դրամից եւ կկազմի ավելին։
AirArabic ավիաընկերությունում Ամանորի նախաշեմին արդեն իսկ սպառվել են դեկտեմբերի 22,23,25,26,29 եւ 30-ի չվերթների համար նախատեսված տոմսերը։