Կանաչ տարածքները բնակիչները իրենց ձեռքով են ստեղծել՝ քարերից ու օձերից մաքրելով․ Իզաբելլա Աբգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու և Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները։

Նշենք, որ քաղաքապետարանի հաղորդմամբ՝ քանդման մասին նախօրոք տեղեկացվել էր բնակիչներին, սակայն բնակիչների պնդմամբ՝ ոչինչ էլ նախօրոք չեն իմացել։

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով եղել է դեպքի վայրում, պարզելու համար՝ հարցին ի՞նչ լուծում է տրվել։

«Իմ տեղեկություններով այսօր հանդիպում է ունեցել քաղաքապետի տեղակալը, որոշ ներկայացուցիչներ հանդիպել են նաև բնակիչների հետ, դեռ ընթացքում է, բայց այն ինչ հասցրեցին այդ օրը քանդել՝ քանդել են իհարկե»,- մեզ հետ զրույցում ասաց Աբգարյանը։

Աբգարյանի խոսքով՝ նա նաև տեղյակ է, որ այդտեղ եղել են ընտանիքներ, որոնք բնակվում էին և հիմա դարձել են անօթևան, սակայն նրանց առաջարկվել են ժամանակավոր կացարաններ։

«Մի ընտանիքի առաջարկվել էր ապրանքները տեղադրել մանկապարտեզում։ Այդ մարդիկ, բնականաբանար, դժգոհ են, որովհետև դա հարցի լուծում չէ իրենց համար։ Քաղաքապետարանը մտադրություն է հայտնել, որ ամբողջը քանդելու է։ Այստեղ հարցը նրանում է, որ տեղի է ունեցել ոչ իրավաչափ վարչարարություն, այսինքն՝ մարդկանց չի տրվել խելամիտ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան ազատել տարածքը կամ գտնեն իրենց բնակության համար այլ վայր։ Այս գործողությունները առաջին օրը բարբարոսաբար իրականացվեցին, իրականացվեցին անապահով մարդկանց նկատմամբ, որոնք չէին կարող իրենց ապաստանել և նույն ժամանակ, բնականաբար տեսնելով դա, մյուսները արդեն ժամանակ ունեին դիմելու դատարան, իսկ դա քաղաքացու իրավունքն է»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանը նաև նշեց, որ տարածքները, որոնք քանդվեցին՝ մաքսիմալ չափով կանաչ տարածքներ են եղել, որոնք տեղի բնակիչները իրենց ձեռքով են ստեղծել՝ քարերից ու օձերից մաքրելով։

«Իսկ որտեղ մեծ շինություններ են, այդտեղ նրանք չմտան այդ օրը։ Սա իհարկե սարսափելի անարդար, ոչ իրավաչափ մոտեցում է քաղաքապետարանի կողմից»,- ասաց Աբգարյանը՝ եզրափակելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս