Ինչու՞ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ չունեն գաղտնիության թույլտվություն․ ովքեր են նրանք․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ թեմայով քննարկում:

Քննարկմանը ներկա էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Չնայած ընդդիմության նիստը բաց անցկացնելու պահանջին՝ իշխանությունները հրատապ քննարկումը փակ կազմակերպեցին՝ հիմնավորելով, որ հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ, և հրապարակային քննարկումները կարող են անվտանգային ռիսկեր առաջացնել։

Նիստի մեկնարկից  առաջ պատգամավորները հանձնեցին հեռախոսները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կան պատգամավորներ, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն, ուստի փակ նիստին մասնակցելու իրավունք չունեն:

Նրանցից մեկը ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանն է, որը նոր է մանդատ ստացել:

Իսկ ընդդիմությունից գաղտնիության ռեժիմի թույլտվություն չունեին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը,  ուստի նրանց թույլ չտվեցն մասնակցել նիստին:

Այսպիսով, Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքը սահմանում է՝ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով:

Ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, պատգամավորները ևս դիմում են Ազգային ժողովի Առաջին բաժին՝ գաղտնիության թույլտվություն ստանալու համար:

Մանդատը ստանալու պահից ի վեր՝ պատգամավորները իրավունք են ստանում դիմել՝ գաղտնիության թույլտվության ստանալու համար:

Իսկ ի՞նչ պատճառով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չունեն գաղտնիության թույլտվություն և չկարողացան մասնակցել երեկվա նիստին:

Այսպիսով, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջին անգամը չէ, որ գաղտնիության թույլտվության բացակայության պատճառաբանությամբ թույլ չեն տալիս մասնակցել նիստերի կամ ծանոթանալ գաղտնի փաստաթղթերի:
Դեռ նախորդ տարի, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությունից զրկելու 3 միջնորդություններից էր ներկայացրել, դրանցից մեկը  գաղտնի ռեժիմով էր խորհրդարան եկել, իսկ Սեյրան Օհանյանին թույլ չեն տալիս ծանոթանալ իրեն վերաբերող միջնորդություն-մեղադրանքին։
Ավելի վաղ կրկին գաղտնիության թույլտվության բացակայության պատճառով Սեյրան Օհանյանին թույլ չէին տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին:

Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիններից մեկն է եղել, որ ներկայացրել է գաղտնիության համապատասխան փաստաթղթերը, սակայն ԱԺ-ն մերժել է:

Ըստ պատգամավորի՝ պատճառն իր դեմ հարուցված քրգործերն են:
Պատգամավոր Մհեր Սահակյանը մեզ փոխանցեց, որ ինքը չի դիմել ԱԺ՝ գաղտնիության փաստաթուղթ ստանալու համար, քանի որ քրգործով է անցնում, ուստի վստահ է՝ չեն տրամադրելու:

Ասպրամ Կրպեյանը ևս փոխանցեց, որ ինքը չի դիմել համապատասխան թույլտվություն ստանալու համար, պատճառը, պատգամավորի խոսքով, սկզբունքային անհամաձայնություններն են:

Խմբակցությունից մեզ փոխանցեցին, որ մյուս պատգամավորները՝ Լևոն Քոչարյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Սարգսյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Գևորգյանը և Մհեր Ղազարյանը նույնպես չեն դիմել գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանալու համար՝ Լևոն Քոչարյանի, Արթուր Սարգսյանի և Արմեն Գևորգյանի դեպքում իրավական հարցեր կան, իսկ մյուսները իրենք չեն ցանկացել դիմել՝ տարբեր պատճառներով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը միևնույն ժամանակ նշում է՝ գաղտնիության թույլտվությունը իրավական առումով հիմք չէ, որպեսզի թույլ չտան փակ նիստերին մասնակցելու համար, ուստի սա պարզապես իշխանության հերթական քմահաճությունն է։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս