ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մկրտիչ Խրիմյանը, որը պիտի դառնար Հայ առաքելական եկեղեցու 25-րդ կաթողիկոսը, մեծ ազդեցություն է ունեցել հայ երիտասարդության ազգային տեսլականների ձեւավորման, հայրենիքի հանդեպ պատասխանատվության առաջացման գործում:

 

1820 թվականին Վանում ծնված Մկրտիչը 1862 թվականին որոշում է իր ներդրումն ունենալ հայության կյանքում եւ ավելի լավ ճանաչել Տարոն գավառի բնակչությանը: Նա սկսում է շրջել գյուղերով՝ տեսնելով բնակչության ծանր պայմանները, մասնակցելով նրանց ուրախություններին ու դառնություններին, հաճախ զրուցում գյուղացիների հետ իրենց հուզող հարցերի շուրջ:

Խրիմյանը հսկայածավալ աշխատանք է տանում քուրդ բեկերի հետ՝ նրանց համոզելով թողնել քոչվորական կյանքն ու անցնել նստակյաց կյանքի եւ զբաղվել հողագործությամբ: Այսպիսով նա նպատակ ուներ տարածքում թափառող քրդերին ծառայեցնել Տարոն գավառի բարեբերությանը՝ փոխարենը խոստանալով դպրոցներ հիմնել քուրդ մանուկների համար եւ հայ ուսուցիչներ տրամադրել, որպեսզի քուրդ երեխաները կրթություն  ստանան:

Ծանր տնտեսական ու սոցիալական պայմանները երիտասարդներին ստիպում են մեկնել Կոստանդնուպոլիս՝ աշխատելու, ինչի հետեւանքով ընտանիքները սկսում են բաժան-բաժան լինել: Նրանց ընտանիքներին ու հայ հողին մոտ պահելու համար Խրիմյանը սկսում է երիտասարդներին համոզել, որ երկրագործությամբ ու անասնապահությամբ զբաղվեն:

Տարիների ընթացքում նա այնքան շատ բան է անում հայ գյուղացիների համար, որ նրան սկսում են «հայրիկ» կանչել. հենց այստեղ էլ ապագա կաթողիկոսին սկսում են դիմել Խրիմյան Հայրիկ:

Նա Մշո առաքելոց վանքում տպարան է հիմնում, խմբագրում «Արծվիկ Տարոնի» թերթը, որի միջոցով սթափեցնում է հայությանն ու թուրքական լուծը թոթափելու ալիք բարձրացնում:

Իր ճանապարհորդություններից, հատկապես՝ Բեռլինի վեհաժողովից հետո Եվրոպա այցից հիասթափված Խրիմյան Հայրիկը նշում է, որ բոլորը քաղաքական մեծ կաթսայից «երկաթե շերեփներով» իրենց բաժինն են վերցնում, իսկ հայերը կռիվ են տալիս թղթյա շերեփով:

Իր գործունեության ընթացքում Խրիմյան Հայրիկը մշտապես եղել է Օսմանյան կայսրության ուշադրության եւ հսկողության ներքո, հատկապես՝ կաթողիկոս ձեռնադրվելուց հետո: Որպես կաթողիկոս եւ ուստի հայության առաջնորդ այդ ժամանակներում՝ նա իր գործունեությամբ նոր լիցք ու հնչեղություն տվեց հայության ազատ ապրելու գաղափարին, ինչը զգալիորեն նպաստեց Հայաստանի ապագա անկախացմանը:

Հետաքրքիր է այն փաստը, որ Խրիմյան Հայրիկը Ամենայն հայոց կաթողիկոս ձեռնադրվելիս արդեն մեկ անգամ ամուսնացել եւ դուստր էր ունեցել: Նա միայն կնոջ մահից հետո է կուսակրոնության ուխտն ընդունել:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է:

Transfermarkt-ի հրապարակած ցուցակում Հայաստանի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը 4-րդն է: Նրա տրանսֆերի գինը կազմում է 18 մլն եվրո: Առաջին տեղում Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաեւ Ուկրաինայի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն եվրո) ու Ռուսաստանի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն եվրո):

 

 

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԽՈՐՎԱԹԻԱ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Խորվաթիա` Եվրոպայի առաջնությանը:

Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ Լեւոն Վարդանյանը, 51 կգ Դավիթ Սաֆարյանը, 54 կգ Արթուր Ավետիքյանը, 57 կգ Էրիկ Առստամյանը, 60 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 63.5 կգ Ռաֆայել Ներսիսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 71 կգ Մարատ Միքայելյանը, 75կգ Ալբերտ Հարությունյանը, 80 կգ Արմեն Պողոսյանը, 86 կգ Նորայր Հակոբյանը, 92 կգ Դավիթ Սիմոնյանը, +92 կգ Միսակ Ստեփանյանը: Աղջիկների պայքարում Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 48 կգ Հեղինե Պետրոսյանը, 54 կգ Լյուսի Ավետիսյանը, 60 կգ Լիլիթ Ասատրյանը: Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կեզրափակվի ապրիլի 15-ին:

 

 

 

ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԹԻՄՈՒՄ

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ, հայկական արմատներ ունեցող Արսեն Զախարյանն ընդգրկվել է Լա Լիգայի տուրի խորհրդանշական թիմի կազմում:

«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այն 11 ֆուտբոլիստների թվում է, որոնք ընդգրկվել են Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական թիմի կազմում:

Այս տուրում Զախարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ «Ալավես»-«Ռեալ Սոսյեդադ» խաղում:

 

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՎ ՀԱՂԹԵՑ

Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրում «Ալ Ֆատեհը» հյուրընկալվեց «Ալ Վեհդային» եւ հաղթեց 3:2 հաշվով։ Հյուրերի կազմում երեք գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

«Ալ Ֆատեհից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոն։ Աչքի ընկավ նաեւ սաուդցի հարձակվող Սաադ Ալ Շարֆան։

«Ալ Ֆատեհը» 34 միավորով 8-րդն է։

 

 




Լրահոս