«Միասին մշակում ենք Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը». արցախցի պատգամավորները Հրազդանում հանդիպում կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն շարունակում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրի շրջանակներում հանդիպումներ ունենալ բռնի տեղահանված արցախցիների հետ:

Ծրագրի մեկնարկը տրվել էր մարտի 30-ին՝ Կապան քաղաքից, ապրիլի 6-ին «Արդարություն և վերադարձ» ՀԿ ներկայացուցիչները բռնի տեղահանված արցախցիների հետ Գյումրիում էին հանդիպել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ կանգառը Կոտայքի մարզում է, ապրիլի 22-ին արցախցի պատգամավորները կլինեն Հրազդան քաղաքում.

«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը շարունակվում է։

Մենք շարունակում ենք այցելել մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք և լսել մեր արցախցի հայրենակիցների ձայնը։ Խոսել արցախցիների մասին, ներկայացնել նրանց դժվարությունները և փորձել ինչ-որ տարբերակով փոխել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքն անհնար է, եթե դուք անձամբ չգիտեք, թե ինչ խնդիրների են նրանք բախվել, ինչպես են նրանք հաղթահարում ամեն օր իրենց կյանքը կեղեքող հազարավոր մարտահրավերները։

Մենք շարունակում ենք լսել մեր հայրենակիցներին, մենք շարունակում ենք հավաքագրել այն բոլոր փաստերը, որոնց մասին վստահ ենք՝ շատերն են անտեղյակ։

Մեզ սպասում են ևս 8 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող հիմնախնդիրները։

Հաջորդիվ մենք կլինենք Կոտայքի մարզկենտրոն՝ Հրազդան քաղաքում: Հանդիպում ենք ապրիլի 22-ին, ժամը 18։30-ին։

Հանդիպման վայրը՝ Իմպերիալ ռեստորան, հասցեն` ք. Հրազդան, միկրոշրջան, Պուրակային 11։ ՄԻԱՍԻՆ ՄՇԱԿՈւմ ԵՆՔ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»,-ֆեյսբուքում այս մասին հայտնել է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս