Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը, ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է ե՛ւ օդանավակայանին, ե՛ւ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երեւանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաեւ կայունության թեման, որովհետեւ Ակադեմիական քաղաքն ապագայի համար է, եւ այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաեւ վաղվան:
Վարչապետի խոսքով՝ քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլեւս չկան եւ պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ տրանսպորտային եւ ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձեւաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման եւ գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային: Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությամբ, եթե անկեղծ ասեմ, ես չէի սպասում, որ օրվա առաջին մասում մենք կգնանք եւ կես ժամում կհասնենք այնտեղ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում, եւ ով ամեն օր գալու է եւ գնա: Հանդիպմանը քննարկվել են նաեւ այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու եւ մշակութային հատվածի նախագծման աշխատանքները: Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՇՈԿՈԼԱԴԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա: Պատճառը կակաոյի համաշխարհային դեֆիցիտն է: Գանայում եւ Կոտ դը’ Իվուարում, որոնք մատակարարում են աշխարհում կակաոյի հումքի 60-70 տոկոսը, հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Վերջին ամիսներին միջազգային շուկայում կակաո հատիկավորը ռեկորդային գին է գրանցել. եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2.200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10 000 դոլարը: Կակաոյի բերքի կրճատման պատճառով առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա: