ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից:
Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ ժամանակավոր կառավարության ձեւավորման դեպքում վարչապետի թեկնածուն պետք է հենց Բագրատ Սրբազանը լինի ու առաջարկել են կազմել այդ ամենը արձանագրող փաստաթուղթ եւ բոլորով ստորագրել այն: Այսինքն՝ թղթի վրա արձանագրեն, որ ապագա վարչապետը Բագրատ Գալստանյանն է, ու այդ փաստաթղթում բոլոր ներկաների ստորագրությունները դրվեն:
Բագրատ Սրբազանը չի համաձայնել եւ որեւէ թուղթ չի ստորագրել:
Հանդիպումից հետո Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունը ստանա:
Երեկ էլ հայտարարեց, որ արդեն կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. այնպես որ, հետաքրքիր անակնկալներով լի հանրահավաք է սպասվում:

Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վերապահված ոլորտը, բազմիցս ենք անդրադարձել. ու որքան երկար է նա աշխատում այդ պաշտոնում, այնքան ավելի է ձգվում ձախողումների շարքը։
Հերթական ձախողումը կապված է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։
Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը: Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչեւ 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, եւ ունենք մի շարք այլ խմբեր», – մանրամասնել էր նա։
Բայց, պարզվում է՝ մինչեւ հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։
Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, եւ նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ պետք է լինեն, թե՛ նաեւ պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։
Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը: Նաեւ ասում են՝ այս համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ կան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ նիստին ասել էր. «Քննարկումների արդյունքում՝ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք, կարող է, ծավալների մասին պատկերացում չունենք, որ, կարող է, մտնենք այդտեղ եւ պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք»։
Եթե ծավալների մասին պատկերացում չունեն, եթե օրենսդրական փաթեթը մինչեւ հիմա անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել, եթե ի սկզբանե պարզ էր, որ սա շատ մեծ գործընթաց է, ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում. թեեւ դրա պատասխանն ունենք՝ ոլորտին չտիրապետող, մասնագիտությամբ իրավաբան նախարարը պատկերացում չունի հավանաբար առողջապահության համակարգի մասին, ռիսկերի մասին, այդ իսկ պատճառով էլ ականատես ենք լինում նման իրավիճակի. ու քանի որ նա ակտիվ ՔՊ-ական է, կուսակցության բոլոր միջոցառումների մասնակից, թերեւս դրա համար էլ շարունակում է պաշտոնավարել: Այլ բացատրություն դժվար է գտնել:

2023 թվականի հոնվարին մամուլը գրել էր, որ ՆԳՆ փոխնախարարի պաշտոնյա ամուսինը չի հայտարարագրել իր բաժնեմասը։ Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։ Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։ Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա, հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է իրականացնել Արշակ Վարդապետյանի եւ Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ հանձնաժողովն Արշակ Վարդապետյանից եւ Արփինե Սարգսյանից հայցել է պարզաբանում։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ հանձնաժողովը որոշել է, որ Արշակ Վարդպետյանի եւ Արփինե Սարգսյանի գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության եւ օրինականության վերաբերյալ կասկածներ առկա չեն եւ թույլատրել է Արշակ Վարդապետյանին հայտարարագրված տվյալներում կատարել փոփոխություն։ Իհարկե, եթե այս տեղում լիներ ընդդիմադիր որեւէ գործիչ կամ քաղաքական դեմք, դժվար թե նույն հանձնաժողովը խույս տար վարույթ նախաձեռնելու գործընթացից, ընդհակառակը…

Գյումրու ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» խմբակցությունները հրաժարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելուց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամները երեկ Շիրակի առաջնորդարանում հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Միքայել Սրբազանի նախաձեռնությամբ, որին մասնակցել են Գյումրու ավագանու ՀՀԿ եւ «Զարթոնք» խմբակցությունները: «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու երկու անդամները միայն չեն մասնակցել դրան, քանի որ քաղաքում չեն եղել. իսկ ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» հրաժարվել են: ՔՊ-ի դեպքում եթե սա նորմալ է, ապա իբրեւ ընդդիմադիր հանդիսացող «Բալասանյան» դաշինքի դեպքում այս երեւույթն անհասկանալի է. ինչո՞ւ է վախեցել: Տեղեկացանք նաեւ, որ ավագանու ընդդիմադիր անդամները Միքայել Սրբազանի հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա ավագանու անդամները հայտնել են, որ սատարում են շարժմանը:




Լրահոս