ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ՓՐԿԵԼ» ԿՈՆԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։

Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ նկատելով, որ տարիներ շարունակ ջանք ու ռեսուրս չխնայելով՝ հարեւան երկիրը փորձում է ավելի քան 2800-ամյա Երեւանը ներկայացնել ադրբեջանական։
«Ադրբեջանի հերթական թիրախը Երեւանի Կոնդ հնագույն թաղամասն է: Կոնդը, որն իր անվանումը ստացել է բարձր դիրքի շնորհիվ, պարսից տիրապետության ժամանակ վերանվանվել է «թափաբաշ» (բլուրի գլուխ)։ Թաղամասի հնագույն հուշարձաններից է 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ եւ վերականգնվել 1710 թվականին։
Կոնդ թաղամասի անունը ադրբեջանցիները շրջանառում են վերափոխված «թեփեբաշի» տարբերակով։ Ադրբեջանի՝ նման քարոզարշավը նոր երեւույթ չէ. դեռեւս 2022թ. հուլիսի 7-ին ադրբեջանցի «մշակութային ու հասարակական գործիչները» դիմել էին Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երեւանում «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու կոչով։
2024թ. մայիսի 7-ին Ադրբեջանը, այս անգամ հասարակական կազմակերպությունների անունից, կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Կոնդի պահպանմանն ուղղված կոչով։ Ստորագրողների թվում են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», «Իրեւանի մշակութային ժառանգության քարոզչություն», «Զանգեզուր միություն» եւ հասարակական այլ կազմակերպություններ, որոնց անուններն արդեն իսկ բացահայտորեն արտացոլում են իրենց օրակարգն ու գործունեության նպատակը։
Մի կողմ թողնելով Կոնդի՝ ադրբեջանական չլինելու փաստը՝ այս հայտարարությունը պարադոքսալ է՝ հաշվի առնելով Նախիջեւանում, Արցախում եւ այլ վայրերում հայկական պատմամշակութային արժեքների բացահայտ թիրախավորման Ադրբեջանի քաղաքականությունը եւ փաստագրված ոչնչացումները։
Ավելին՝ հայտարարության մեջ Ադրբեջանը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության եւ փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու նպատակով, ինչպես նաեւ կոչ անում՝ «փաստահավաք առաքելություն ուղարկել Երեւան…»։ Նման կոչը հեգնական է ու հերթական պարադոքսը. ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականին անկախ տեխնիկական առաքելություն ստեղծելու պատրաստակամություն էր հայտնել՝ գնահատելու Արցախում մշակութային արժեքների կարգավիճակը։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտել էր առաքելության մուտքն Արցախ՝ մարտահրավեր նետելով միջազգային կառույցներին ու նրանց գործունեությանը՝ ընդգծելով նաեւ Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը հաստատող փաստերը քողարկելու իր փորձերը:
Այսպիսով՝ Երեւանի Կոնդ թաղամասի «ադրբեջանականացման» քարոզարշավն Ադրբեջանի ավելի լայն քաղաքական օրակարգի բացահայտ դրսեւորումն է՝ ուղղված պատմությունը խեղաթյուրելուն ու Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները ներկայացնելուն։ Միջազգային հանրության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը տագնապալի մասշտաբների է հասել. գրավված Արցախում այսօր առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԵՏԸ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Իտալացի սիրողական աստղագետ Ջուզեպպե Դոնաթիելլոն հայտնաբերել է հինգ նոր գաճաճ գալակտիկաներ, որոնք պտտվում են հեռավոր պարուրաձեւ գալակտիկայի շուրջ, որը Երկրից տեսանելի ամենամեծ գալակտիկաներից մեկն է: Նոր գալակտիկաներն ստացել են նրա անունը՝ Դոնաթիելլո V, VI, VII, VIII եւ IX եւ լրացնում են նրա անունը կրող երկնային մյուս մարմինների աճող ցանկը։
Նոր հայտնաբերված արբանյակ գալակտիկաները պտտվում են Քանդակագործ գալակտիկայի շուրջը, որը նաեւ հայտնի է որպես NGC 253: Նրանց հայտնաբերումը կարեւոր է այն պատճառով, որ դրանք ծայրահեղ աղոտ են երեւում եւ Երկրից հեռու են մոտ 11,5 միլիոն լուսատարի եւ կարող են թույլ տալ պատկերացում կազմել տիեզերքի ամենահին աստղերի, մութ նյութի բաշխման մասին եւ կարող են ազդել ներկայիս տիեզերական մոդելների վրա:
Հայտնի է, որ Քանդակագործ գալակտիկայում կա ընդհանուր առմամբ 18 գաճաճ գալակտիկա, դրանցից երեքը հայտնաբերվել են 2021-ին։ Այս գտածոների հայտնաբերումը նաեւ մարտահրավեր են նետում տիեզերագիտության գոյություն ունեցող մոդելներին, մասնավորապես Lambda Cold Dark Matter (LCDM) մոդելին։ Ըստ այս մոդելի՝ մեծ գալակտիկաների շուրջ արբանյակ գալակտիկաների շատ ավելի մեծ քանակ պետք է լինի, քան ներկայումս դիտվում է: Օրինակ՝ այս մոդելի սիմուլյացիան ենթադրում է, որ մեր հարեւան Անդրոմեդա գալակտիկան պետք է հյուրընկալի 500-ից 1000 արբանյակային գալակտիկաներ, սակայն մինչ այժմ հայտնաբերվել են միայն 39-ը:

ՇԵՆԳԵՆ ԱՆՑԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
2024թ. հունիսի 11-ին շենգենյան անցագիրը մեծահասակների համար կարժենա 90 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 45 եվրո. նշված է Եվրահանձնաժողովի՝ Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված որոշման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ այն երկրների հայտատուները, որոնք չեն համագործակցել անօրինաբար ԵՄ տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ռեադմիսիայի հարցում, անցագրի համար կվճարեն մաքսատուրք՝ 135 կամ 180 եվրո՝ կախված Խորհրդի որոշումից։
Տուրքը բարձրացնելու մասին որոշումն ընդունվել է դեռեւս մարտի 14-ին, բայց ուժի մեջ կմտնի ԵՄ ամսագրում հրապարակվելուց հետո՝ 12-րդ օրը։ Մինչ այդ տուրքի գումարի բարձրացման մասին ամբողջ աշխարհում տեղեկացրել էին Սլովենիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները։
Այժմ շենգենյան անցագրի արժեքը մեծահասակների համար կազմում է 80 եվրո, երեխաների համար՝ 40։ Եվրահանձնաժողովը բարձրացումը 12,5 տոկոսով բացատրել է գնաճով։
Անցագրի տուրքի վերանայման անհրաժեշտությունը Եվրահանձնաժողովը գնահատում է «օբյեկտիվ չափորոշիչների» հիման վրա, այդ թվում՝ ԵՄ-ում գնաճի եւ պետծառայողների միջին աշխատավարձերի մակարդակով։

ԳՈՒՄԱՐԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԲԱՇԽՈՒՄ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է ընդունել Նունուֆար Հակոբյանին մայիսի 17-ից նշանակել Հովքի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Համացանցում ներկայացված են դպրոցական սննդի ծրագիրն իրականացնելու համար Հովքի դպրոցի բազում կարիքները: Այդ միջնակարգ դպրոցի ճաշարանն ունի զարգացման ու բարելավման կարիք, դպրոցն ունի ջեռուցման համակարգի ստեղծման անհրաժեշտություն, ճաշարանային գույքի համալրում է պետք, նոր սեղանների, աթոռների կարիք կա։ Խոհանոցում սպասքի պահարանի, էլեկտրական վառարանի անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է ձեռք բերել ճաշարանային սպասք՝ ափսեներ, թասեր, գդալներ, բաժակներ, պատառաքաղներ, թեյնիկ, կաթսաներ, շերեփներ, տարաներ, սկուտեղներ։ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդա Ասիրյանից տեղեկացանք, որ դպրոցը 56 աշակերտ ունի։ Մարզպետը, փոխանակ 56 աշակերտ ունեցող Հովքի դպրոցի բազում տնտեսական խնդիրները լուծի, պետբյուջեի մեծ գումարները Հովքի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի վարձատրությանն է ուղղել։ Թե վարչատնտեսական մասի համակարգողը ի՞նչ գումարներով է լուծելու Հովքի դպրոցի տնտեսական խնդիրները, հայտնի չէ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային էջից տեղեկանում ենք, որ Դիլիջան համայնքի բնակիչ Գնել Քեռյանի (հասցեն՝ ՀՀ, ք. Դիլիջան, Գետափնյա փողոց 86, բն. 12,) եւ Դիլիջանի համայնքապետարանի միջեւ 02.05.2024թ. կնքված թիվ 01-020524 նվիրաբերության պայմանագրով Գնել Քեռյանը Դիլիջանի համայնքապետարանին է նվիրել LADA NIVA LEGEND 21214-BOA-52 մակնիշի ( մարդատար ավտոմեքենան՝ 4 280 000 (չորս միլիոն երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ արժեքով, սեփականության իրավունքով։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն առաջարկություն է ներկայացրել նշված մարդատար ավտոմեքենան ընդունել որպես նվեր եւ ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մայիսի 10-ին համայնքի ավագանին միաձայն՝ 12 կողմով քվարկել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկին: Չի կարող բացառվել, որ սա ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի գործարքներից է , ավտոմեքենայի նվիրատվության տակ այլ բան է թաքցված։ Դիլիջանի ավագանին նույն՝ մայիսի 10-ի նիստում հաստատել է Երեւանի բնակիչ Լեւոն Մանուչարյանի կողմից Դիլիջան համայնքին կահավորված, տեխնիկապես զինված, եգիպտացորեն վաճառելու համար նախատեսված 25 տնակների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս