ԱՐԱ ՄԱԼԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը, որի վիրտուոզ կատարումներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգային ծրագրով կվերադառնա Երեւան:

Համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:
Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երեւանյան բեմում ելույթ է ունեցել 2023-ի հոկտեմբերին՝ անմոռանալի հույզեր պարգեւելով հանդիսատեսին:
Համացանցում հրապարակված տեսանյութում Արա Մալիկյանն ասում է՝ շատ ուրախ է, հուզված, որ վերադառնում է իր սիրելի Երեւան՝ տեսնելու սիրելի ընկերներին, սիրելի երեւանցիներին:
Ավելի վաղ խոսելով «The Ara Malikian World Tour»-ի մասին, որի շրջանակում իրականացվում է երեւանյան համերգը՝ ջութակահարը նշել է. «Երբ տեսա, թե ինչպես է որդիս ամիսներ շարունակ տեւած անկումներից, անհաջող փորձերից եւ ճիգերից հետո իր առաջին քայլերն անում, հասկացա, որ բոլորս էլ ժամանակին ունեցել ենք այդ ուժը, որ հետզհետե մոռացվել է։ Երեխաները քնքուշ են, չեն վախենում սխալվելուց, ազատ են ու արտահայտվող: Երբ նայում ես մանկանը, հասկանում ես՝ ով ես եղել, թե որքան երկար ժամանակ է, որ քեզ զրկել ես այդպիսին լինելուց։ Այս շրջագայությունը ծնվել է իմ դիտարկումների արդյունքում, երբ հետեւել եմ, թե ինչպես է մեծանում իմ որդին, ինչպես եմ հասակ առնում նրա հետ։
Այստեղ այն հնչյուններն ու մեղեդիներն են, որ արտահայտում են իմ զգացողությունները եւ զավակիս միջոցով ոգեշնչել են ինձ: Շրջագայությունը լի է դինոզավրերով, ռոբոտ-կաղամարներով, ժամանակի մեքենաներով, թռչող դաշնամուրներով եւ երկլեզու միմոսներով։ Սա այն ալբոմն է, որը մոռացության էի մատնել, բայց որը հզոր ներգործություն ունի։ Զարմանահրաշ է յուրաքանչյուր օր բացահայտել դրանց հմայքն ու գրավչությունը»:
Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել եւ սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց՝ դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ, գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության եւ դրամայի դպրոցում, ինչպես նաեւ դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15- ամյակին։
Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության եւ քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական եւ ավելի քան 150 համերգ։ Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում եւ թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։ 2019-ին Մալիկյանի «Royal Garage» համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին եւ Սերժ Թանկյանը: Արա Մալիկյանի «Petit Garage» շրջագայությունն էլ համաճարակի եւ նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի եւ ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել սահմանափակ տարողությամբ դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում, հետաքրքիր հույզեր փոխանցել հանդիսականին: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչեւ Մեքսիկայի Միչոական եւ Մադրիդի թագավորական պալատ։

«ՄԱՆՅՈՒՆՅԱՆ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Հայ գրող Նարինե Աբգարյանի հայտնի բեսթսելերի հերոսուհու արկածները շարունակվում են. ռեժիսոր Դենիս Գուլյարի «Մանյունյա. Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգությունը կներկայացվի հայ հանդիսատեսին։ Ֆիլմը հնարավոր կլինի դիտել երեւանյան կինոթատրոններում մայիսի 30-ից։ Արդեն իսկ հասանելի է կինոնկարի թրեյլերը։ Նշենք, որ հատուկ մանուկների պաշտպանության օրվան ընդառաջ՝ հայ հանդիսատեսի համար ֆիլմը թարգմանվել եւ կրկնօրինակվել է հայերեն, ինչը անսովոր, բայց հաճելի անակնկալ է հատկապես փոքրիկների համար։

Ֆիլմի հերոս միշտ պայծառ Մանյունյայի եւ նրա ընկերների՝ Կարինեի եւ Նարինեի, կյանքն անդադար սլանում է առաջ եւ հիմա նրանց սպասվում է ամառային արձակուրդն անցկացնել Մոսկվայում։ Աղջիկներին սպասվում են անհավատալի իրադարձություններ եւ արկածներ, ինչպես նաեւ անսպասելի հանդիպումներ եւ ծանոթություններ։
Դերերում՝ Եվգենի Պետրոսյան, Կարինա Կագրամանյան, Կարինա Մնացականյան, Ջուլիետա Ստեփանյան, Եկատերինա Տեմնովա, Սերգեյ Կանաեւ, Անդրեյ Կոնդրատեւ։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղեւոնդ Անդրեասյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարինե Աբգարյանի, Հայկ Ասատրյանի, Նառա Հակոբյանի, օպերատոր՝ Տիգրան Դավթյան։
«Մեր նոր ֆիլմը նախ եւ առաջ տարբերվում է սերիալից եւ առաջին ֆիլմից նրանով, որ առաջին անգամ մենք լքում ենք Մանյունյայի ծանոթ աշխարհը։ Նոր մասը շատ ավելի մասշտաբային է, մենք կարողացանք վերստեղծել 1981 թվականի Մոսկվան, դրա մթնոլորտը Օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Շատ էինք ուզում ֆիլմը լցնել ատրակցիոններով ու մեծ արվեստագետներով, որպեսզի ընդգծենք այդ տարիների Մոսկվայի մեծությունը, ցույց տանք, թե որքան դժվար, բայց ցանկալի էր մայրաքաղաքում ապրելը»,-նշում է ֆիլմի պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը։
«Մանյունյայի նկարահանումները միշտ կապել եմ Հայաստանի եւ մեր կինոարշավների հետ։ Շատ անսպասելի էր իմանալ, որ նոր ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Մոսկվայում։ Կինոդիտողին սպասվում են նոր պատմություններ, հուզիչ արկածներ եւ Եվգենի Պետրոսյանի մարմնավորած անհավանական նոր կերպարը»,-նշում է դերասանուհի Կարինա Կագրամանյանը։ Հայտնի հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը եւս դեր ունի այս ֆիլմում։ «Իմ կարիերայի ընթացքում շատ կինոնախագծեր էին ծրագրվում, բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում, եւ հիմա, վերջապես, ստացվել է: Պատմությունը, որի վրա մենք աշխատել ենք, աներեւակայելի քաղցր է, տոգորված բարությամբ եւ կարոտով: Հատկապես հաճելի է, որ իմ երեխաներն այժմ կկարողանան իրենց հայրիկին դիտել ֆիլմերում: Այնպես որ, ես ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,-նշում է դերասանը։
«Մանյունյա. Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգությունը Մանյունյանի արկածները ներկայացնող ֆիլմաշարի երկրորդ մասն է։
Առաջին ֆիլմը եւ համանուն սերիալն ունեցել են շատ մեծ հաջողություն, ուստի ստեղծագործական թիմը որոշել է շարունակել բեսթսելերի էկրանավորումը։

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի եւ տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի եւ երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշեւը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Համաժողովի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաեւ Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:

«ԱՏԱԼԱՆՏԱՆ» ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԸ
Բերգամոյի «Ատալանտան» առաջին եվրոպական տիտղոսը նվաճեց։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչում իտալական թիմը մրցեց Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» հետ։
Առաջին խաղակեսում իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը, որն աչքի ընկավ 12-րդ (տեսանյութ) եւ 26-րդ րոպեներին (տեսանյութ)։ 75-րդ րոպեին Լուկմանը նաեւ հեթ-տրիկ ձեւակերպեց (տեսանյութ)։
1963թ. Իտալիայի գավաթից հետո «Ատալանտան» երկրորդ տիտղոսը նվաճեց։
Եվրոպայի լիգա, եզրափակիչ
«Ատալանտա» – «Բայեր»՝ 3:0
Ադեմոլա Լուկման, 12, 26, 75




Լրահոս