ԻՆՔՆԱՓԼՈՒԶՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հարցազրույց է հրապարակել ներկայումս Ֆրանսիայում գտնվող հայտնի գործարար, ծագումով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս Գանձասարի պարսպի վերանորոգման աշխատանքների շուրջ ծագած սկանդալից հետո  դառնացած հեռացավ Ղարաբաղից եւ խոստացավ այլեւս չվերադառնալ: Եւ ահա պարոն Հայրապետյանը, որը հայտնի է Ղարաբաղում եւ Հայաստանում իրականացրած բազմաթիվ բարեգործական խոշոր ծրագրերով, այս հարցազրույցում հանդես է եկել չափազանց ուշագրավ հայտարարություններով` կապված Հայաստանում իշխող էլիտայի որակական հատկանիշների, կոռուպցիայի եւ ամենաթողության հետ: «Հայաստանում կոռուպցիան բարգավաճում է:  Կոռուպցիան ուտում է պետությունը, ազգին, ամեն ինչ: Այսպիսի մեքենան վաղ, թե ուշ դադարելու է աշխատել»,-ասել է հայտնի բարերարը` մատնանշելով Հայաստանում տիրող խայտառակ բարքերը. «Կարո՞ղ է նախարարը լինել միլիոնատեր, իհարկե չի կարող: Բայց Հայաստանում նա միլիոնատեր է, եւ նրան մատով են ցույց տալիս: Ինչքան էլ որ զարմանալի հնչի, Հայաստանում լավագույն բիզնեսը պաշտոն զբաղեցնելն է»:  Հայրապետյանը շեշտել է, որ ինքը կիսում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավելի վաղ հայտնած մտքերը` կապված Հայաստանի  դատարկման եւ մաֆիայի ամենաթողության հետ: «Ես համարում եմ, որ Շառլն իսկական հայ հայրենասեր է:  Բանն այն է, որ Շառլի սիրտը ցավում է: Տեսնելով կողքից այդ պրոցեսը` սիրտը մահանում է: Ես նրա հետ հանդիպել եմ, խոսել եմ»: Հայտնի բարերարն անդրադարձել է նաեւ որոշ հայաստանյան օլիգարխների իրականացրած   բարեգործությանը` այն որակելով որպես ողորմություն. «Ձեռք են բերում բարեգործի համբավ, բայց դրանք չվճարված հարկեր են: Կոպեկներ են տալիս, ինչպես ողորմություն»: Որպես այս ամենից ելք` Հայրապետյանը նախաձեռնել է «Ցուցակ» կոչված օպերացիան, որով առաջարկում է ցուցակագրել բոլոր օլիգարխներին եւ վտարել երկրից. «Բայց նախ պետք է վերադարձնեն այն փողերը, որ գողացել են: Դրանցով մենք կկարողանանք լիկվիդացնել երկրի արտաքին պարտքերը: Ես ցանկանում եմ հեղափոխություն, բայց որ դա չազդի Հայաստանի արտաքին անվտանգության վրա: Պետք է անել որակով հեղափոխություն, վերցնել միջազգային փորձն ու պատրաստվել օպերացիային: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն սահմանել կես տարվա ընթացքում: Եւ պետք է այնպես անել, որ ոչ թե հասարակ ժողովուրդն արտագաղթի, այլ օլիգարխները: Հայաստանը չեն կարող ղեկավարել անկիրթ, չզարգացած մարդիկ»:
Փաստորեն, ՀՀ իշխանությունների կոռումպացվածության ու անկրթության  մասին արդեն սկսել են բարձրաձայնել նրանց հետ նստող-վեր կացող օլիգարխներն ու հռչակավոր դեմքերը: Եթե այդպես շարունակվի, չի բացառվում, որ իրենց դժգոհությունների մասին սկսեն արտահայտվել նաեւ վերջերս պաշտոնաթող եղած  հայտնի օլիգարխ-պաշտոնյաները, որոնք այս օրերին արտագնա հավաք են անում Դուբայում: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ  Հայաստանի  էլիտարիատն ինքնափլուզվում է:




Լրահոս