![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/1.1-k.jpg)
Անցած 10 օրում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մի ՔՊ-ական պատգամավոր դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթին ու շտապում են բացատրել, թե այլընտրանք չունեն, պիտի թիմի ներսում իրենց «ճիշտը ապացուցելու համար» դատական հայց ներկայացնեն:
Նախ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, սակայն ծանուցումը դեռ չենք ստացել եւ չգիտենք՝ որ հրապարակումների համար:
Դատական հայց ներկայացնելու հրապարակային սպառնալիք է ներկայացրել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա համար, որ նյութ էինք հրապարակել, թե ինչպես է նա բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ սուր քննադատել ՌԴ-ին, ինչը դարձել է մեր ու ՌԴ-ի հարաբերությունների սրման եւս մեկ առիթ: Անգամ լուրեր հրապարակվեցին, որ ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններից հետո հրաժարվում է Հայաստան գալուց ու Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց: Այս գործով նույնպես դեռ ծանուցում չենք ստացել:
Երեկ ստացանք ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի դատական հայցը, որը դատապարտված է պարտության ի սկզբանե, քանի որ անգամ հայցի մեջ Հայկ Սարգսյանն ու իր իրավաբանը խուսափել են օգտագործել «ՔՊ» կամ «Նիկոլ Փաշինյան» անունները:
Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը նյութը կտրել է կոնտեքստից եւ մի քանի նախադասություններ, կիսատ վերցրած, զրպարտություն է համարում: Օրինակ՝ հոդվածում գրված է, որ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել»: Սակայն Հայկ Սարգսյանը հայցի մեջ նախադասության սկիզբը ջնջել է՝ հեռացնելով հետեւյալ մասը՝ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին…»:
Մյուս նախադասությունը հոդվածի սկսվում է այսպես. «Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր»: Բայց Հայկ Սարգսյանը զրպարտություն է համարում այս նախադասության միայն մեջտեղի հատվածն այն դեպքում, երբ հստակ գրված է, որ սա հիշեցում է 4 օր առաջ հրապարակված մի հոդվածի մասին, որը որեւէ մեկը չի հերքել: Ի դեպ, պատգամավորը զրպարտություն չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը թողել հեռացել է քաշքշուկի ժամանակ:
Մյուս նախադասությունը սկսվում է այսպես. «միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել»:
Թերեւս այս նախադասության համար է փորձում ինքնապաշտպանվել Հայկ Սարգսյանը, որը 2 անգամ ՔՊ ակտիվի ժողովների ժամանակ տեսանյութեր է ցուցադրել եւ խոսել անտառահատումների մասին: Բայց սա էլ է կիսատ վերցրել. մեր ինֆորմացիայի աղբյուրի հղումը հանել է, ուր գրված էր, որ այն ՔՊ ներսից ենք ստացել: Սարգսյանը միայն զրպարտություն է համարում այն, թե ինքը փայտանյութի բիզնես հետաքրքրություն չունի եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ չունի առնչություն: Կարճ ասած, մամուլին դատի տալով՝ փորձում են ինքնապաշտպանվել, բայց չի ստացվի:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Հայկ Սարգսյանի մասին է, ում մամուլը հիշատակել է որպես «Նիկոլի շիշ բռնող»:
Չպետք է թույլ տալ Փաշինյանի վերարտադրումը. Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են «բումի»
Նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են «բումի»։
Այս օրերին ՔՊ-ից հեռացված, այժմ անկախ պատգամավորները նախապատրաստական թոհուբոհի մեջ են. պատրաստվում են փետրվարի 8-ին կայանալիք «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցության համագումարին, որը կայանալու է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Պատգամավորները, համագումարին ընդառաջ, հանդիպումներ են ունենում հանրային եւ քաղաքական դեմքերի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասլանյանն ու Աղազարյանը այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու: Մասնավորապես, Հովիկ Աղազարյանը հայտարարելու է, որ հաջորդ ընտրություններին, լինեն դրանք հերթական, թե արտահերթ, որեւէ դեպքում չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը։ Աղազարյանն ու Ասլանյանը կհայտարարեն նաեւ ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին։
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տարբեր ժամանակներում ՔՊ-ից նեղացած ու կուսակցությունը լքած շատ անդամներ միացել են Հովիկ Աղազարյանի եւ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանը, որոնց կտեսնենք համագումարին:
Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները:
Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար:
Կազմակերպության աշխատակիցներին
կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ:
Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում:
«Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:
«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում:
«Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի եւ Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:
Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որեւէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչեւ նոր հրահանգներ լինեն:
Ապագայի համար որեւէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ:
ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:
Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, եւ սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում…
Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։
Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։
CBSNews
Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի ընտրության հարցը վերածվել է «տրագիկ կոմեդիայի»
Ինչպես հայտնի է, Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարել է հերթական մրցույթը։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որեւէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ում որեւէ մեկը ցանկություն չունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու։
Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:
Եվ ահա հերթական անգամ է մրցույթ հայտարարվել, ու մինչ այս պահը չկա թեկնածու: Թերևս որեևէ մեկը չի ցանկանում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, քանի որ նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից։