Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) լրատվականից հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի):
ՍԱՏՄ-ն «Նրբաբլիթ տավարի մսով» արտադրատեսակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր մանրէներ, իսկ «Պելմենի դասական»-ը չի համապատասխանել ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերին:
Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, կարգադրվել արգելել խմբաքանակի իրացումը, շուկայից հետ կանչել, ոչնչացնել կամ օգտահանել այն:
Դեպքի առնչությամբ՝ պարզաբանում է տվել «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը.
«Երկու արտադրատեսակի արտադրությունն է այս պահին կասեցվել և այս պահին էլ իրականացվում է կրկնակի հետազոտություն:
Այս պահին ավել ոչինչ ասել չեմ կարող, քանի որ մեզ չի տեղեկացվել օրենքի ամբողջ ուժով: Կրկնակի հետազոտությունից հետո, երբ ունենանք պատասխանները հանդես կգանք հայտարարաությամբ»:
Նանիկ Աղասյան

























