Լաբուբու խաղալիքները՝ փափուկ, փոքրիկ, երբեմն տարօրինակ տեսքով, այսօր դարձել են համաշխարհային սենսացիա։ Ոմանք կարծում են, որ դրանք շատ գեղեցիկ են, մյուսները՝ տգեղ կամ նույնիսկ վախեցնող, բայց մի բան հստակ է՝ Լաբուբուն այսօր ճանաչում են ամբողջ աշխարհում։
Այս էլֆանման, մորթոտ տիկնիկը ստեղծվել է որպես «հրեշ խաղալիք»՝ չինական Pop Mart ընկերության կողմից։ Այսօր այն ունի ռեկորդային գնման ցուցանիշներ, որի երկրպագուների թվում են համաշխարհային աստղեր՝ Ռիհաննան, Դուա Լիպան, Քիմ Քարդաշյանըև Blackpink խմբի Լիսան։ Շանհայից մինչև Լոնդոն, Լաբուբուի համար հերթերը հաճախ վերածվում են իսկական իրարանցման, երբեմն նույնիսկ՝ վեճերի։
Լաբուբուի համաշխարհային հաջողությունը գրեթե եռապատկել է Pop Mart-ի շահույթը վերջին մեկ տարում։ Ոմանք նույնիսկ նշում են, որ այս տիկնիկը նոր ուժ է տվել չինական «փափուկ ուժին», որը տուժել էր համավարակից և Արևմուտքի հետ լարված հարաբերություններից հետո։
Ի՞նչ է Լաբուբուն
Լաբուբուն և՛ հորինված կերպար է, և՛ բրենդ։ Անունը ոչ մի նշանակություն չունի։ Այն «The Monsters» խաղալիքների շարքի կերպար է, որը ստեղծել է Հոնկոնգում ծնված նկարիչ Կասինգ Լունգը:
Ո՞վ է վաճառում Լաբուբուն
Pop Mart-ի վաճառքի մեծ մասը իրականացվում է «կույր տուփերի» միջոցով, երբ գնորդը միայն բացելուց հետո է իմանում, թե ինչ գույնի տիկնիկ է ստացել։
Լաբուբու տիկնիկները վաճառվում են ավելի քան 30 երկրներում՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից մինչև Ավստրալիա և Սինգապուր։ Վերջին շրջանում որոշ երկրներում վաճառքը դադարեցվել է մեծ պահանջարկի պատճառով։
Ինչպե՞ս Լաբուբուն ձեռք բերեց համաշխարհային ճանաչում
Մինչ աշխարհը կհայտնաբերեր Լաբուբուին, այն հայտնի էր միայն Չինաստանում։ Համավարակից հետո, 2022-ի վերջում, այն սկսեց մեծ տարածում գտնել։
Լաբուբուի համբավը պայթեց 2024-ի ապրիլին, երբ թայվանցի K-pop աստղ Լիսան Ինստագրամում լուսանկարներ հրապարակեց տարբեր Լաբուբու տիկնիկների հետ։ Դրանից հետո Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը և Դևիդ Բեքհեմը նույնպես հրապարակեցին լուսանկարներ Լաբուբուի հետ, և տիկնիկը դարձավ համաշխարհային ֆենոմեն։
Այսօր Լաբուբուն կարելի է տեսնել ամենուր՝ թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ փողոցում, թե՛ ընկերների պայուսակներին։
Լաբուբուի տենդը շարունակում է տարածվել աշխարհով մեկ՝ չթողնելով անտարբեր ոչ մեծերին, ոչ էլ փոքրերին։
Անահիտ Պետրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























