ArmLur.am-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Տեր Արամ քահանա Ասատրյանը Օհանավանում չի գտնվում և չի այցելում Սուրբ Հովհաննավանք, ինչպես նաև այնտեղ հոգևոր ծառայություն չի մատուցում։
ArmLur.am-ը շրջանառվող լուրերի վերաբերյալ հետաքրքրվել է Օհանավանի համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանից, որը նշել է հետևյալը․
«Համայնքի բնակիչները, հավանաբար, տեղյակ են այսօրվա կատարվածի մասին։ Բոլորն էլ հետևում են օրվա լուրերին։ Ինչ վերաբերում է Տեր Արամի անհետանալուն, ապա տեղեկություն չունեմ՝ Օհանավանում է, թե ոչ։ Չեմ կարող ասել։ Ժողովուրդը լավ է տրամադրված նրա նկատմամբ։ Ինչ-որ արտասովոր բան չեմ նկատել»։
Փոքր-ինչ խորապես հետաքրքրվելով՝ Հայրապետյանը հավելել է․
«Ճիշտն ասած՝ ահագին ժամանակ է, ես չեմ տեսել։ Երկու օր առաջ հուղարկավորության ժամանակ եմ նկատել, որից հետո էլի չեմ տեսել»,- եզրափակել է համայնքի ղեկավարը՝ խնդրելով այլ հարցեր չտալ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ձերբակալվել են և Երևանի քննչական վարչություն են տարվել հինգ հոգևորական։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառը վերջերս Հանրայինի եթերում Տեր Արամ քահանա Ասատրյանի այն հայտարարությունն էր, որ ինքը վերադասի հրահանգով է մասնակցել ընդդիմադիր հավաքներին։
Նանիկ Աղասյան


























































































