Օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում վաղաժամկետ դադարեցվեցին Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար Արտավազդ Դունոյանի լիազորությունները: Նշենք, որ մարտի 9-ին այս համայնքում տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, ինչի արդյունքում ութ տարվա գյուղապետը չվերընտրվեց: Այս և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Դունոյանի հետ:
-Ինչպե՞ս ստացվեց, որ չվերընտրվեցիք:
-Սկսնակ գյուղապետերի համար դժվար է պաշտոնավարել: Բայց ես արդեն հունի մեջ էի ընկել, գիտեի գործը: Ընդամենը 35 ձայնով չվերընտրվեցի: Դե դա այդքան էլ էական չէ: Ամեն դեպքում ես ինձ համարում եմ հաղթած: Ուղղակի չցանկացա երկարացնել, իմաստ չուներ:
-Պարոն Դունոյան, փաստորեն 35 մարդ չվստահեց Ձեզ:
-Այո, այդպես է դուրս գալիս: Ես ութ տարվա աշխատանքային փորձ ունեմ, եթե պետք լինի կողքին կկանգնեմ: Չեմ զլանա: Կօգնեմ նոր գյուղապետին մինչև ինքն էլ ընկնի հունի մեջ:
-Դուք էլ եք ՀՀԿ-ական, նա՞ էլ:
-ՀՀԿ-ական ես եմ, բայց ինքը մինչ ընտրվելն անկուսակցական էր, իսկ ընտրվելուց երկու օր անց գնաց դարձավ ՀՀԿ-ական:
-Բայց լարվածություն կա՞ր Ձեր մեջ կամ երբևէ եղե՞լ է:
-Ոչ մի լարվածություն: Ինչի մասին է խոսքը:
-Պարոն Դունոյան, պարտքերո՞վ եք հանձնելու գյուղապետի պաշտոնը:
-Չէ, զրոյականով հանձնելու եմ: 5 մլն դրամի չափով համայնքապետարանի բյուջեն է կազմում: Իսկ պետության կողմից տրված դոտացիան կազմում է մի 17 մլն դրամ, հազիվ հասցրել եմ տարին մեկ հատ գործ անեմ: Մանկապարտեզը հիմնովին վերանորգեցի: Այսքան բանից հետո դեռ բյուջեում գումար կա:
-Ի՞նչ խնդիր եք թողել Ձեզ հաջորդող գյուղապետին:
-Բուժկետ պետք է կառուցվի: Դա կիսատ թողեցի:
-Տխրո՞ւմ եք, պարոն Դունոյան:
-Հակառակն՝ ավելի ուրախ եմ: Թող մարդիկ գան փորձեն, պապական չէ այդ պաշտոնը: Լավից լավն էլ կա:
-Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:
-Անասնապահությամբ: Մի ժամանակ զբաղվում էի, հիմա նորից ուզում եմ սկսել: Անասունների թիվն եմ ավելացնելու, ֆերմա եմ ստեղծելու:
-Գյուղապետի՞ պաշտոնն է եկամտաբեր, թե՞ անասնապահությունը:
-Գյուղապետի պաշտոնն ի՞նչ եկամտաբեր: Մարդիկ չեն կարողանում նույնիսկ իրենց ընտանիքներին պահեն: Խեղճ գյուղապետ, իհարկե ֆերմերի աշխատանքն ավելի եկամտաբեր է:
-Հաջորդ ընտրություններին կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը:
-Իմաստ ունի՞: Չէ, իմաստ չունի: Էս ութ տարվա մեջ գյուղում շատ բան փոխվեց:
-Շարունակելո՞ւ եք մնալ ՀՀԿ-ական:
-Իհարկե, շարունակելու եմ, կուսակցությունն ի՞նչ մեղք ունի: Առնետավազք չի լինելու, կուսակցությունից կուսակցություն չեմ վազելու:
զրուցեց ՍՅՈՒՆԷՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ