ԱՆԿԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (www.tavush.gov.am) տեղադրված է «ՀՀ Տավուշի մարզի զարգացման ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման կիսամյակային հաշվետվությունը», որը պատրաստվել է մարզպետարանի մոնիթորինգի խմբի կողմից մարզի զարգացման ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման հայեցակարգի շրջանակում: Հաշվետվությունն արձանագրում է 2013թ. հունվար-հունիս ամիսներին մարզում գրանցված առաջընթացը: Դրա մեջ ըստ ոլորտների նշված են կատարված աշխատանքները, խնդիրները: Սակայն թե որքանով է հաշվետվության մեջ նշվածը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Հաշվետվության 3-րդ բաժինը վերնագրված է «Գյուղատնտեսություն եւ բնապահպանություն», սակայն այդ բաժնում միայն գյուղատնտեսության վերաբերյալ նյութեր են, բնապահպանության մասին խոսք չկա: 4-րդ բաժինը կոչվում է «Բնապահպանություն», սակայն այդ բաժնում տեղեկություններ չկան Տավուշի մարզի բնապահպանական ցավոտ խնդիրների՝ Գետահովտում, Գոշում, Աչաջրում, Հովքում հողի սողանքների, սողանքային գոտում գտնվող, տարերքից քանդվող հարյուրավոր տների, մարզի տարածքով հոսող Դեբեդ գետը ծանր մետաղներով, քիմիական նյութերով աղտոտելու մասին: Բնապահպանության բաժնի «Խնդիրներ» խորագրի ներքո գրվածը ներկայացնում ենք առանց որեւէ փոփոխության. «Մարզի տարածքում իրականացվող բնապահպանական ծրագրով նախատեսնված աշխատանքները կատարվում են հիմնականում պայմանագրային եղանակով, մրցութային կարգով: Մարզպետարանի բնապահպանության վարչությունը լիարժեքորեն իրազեկված չէ մարզի տարածքում կատարվող բնապահպանական ծրագրերից»: Հավելենք, որ Տավուշի մարզպետարանում չկա բնապահպանության վարչություն, կա մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն: Այս դեպքում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳԱՅԼԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Այն, որ վերջին շրջանում հանրապետության տարբեր համայնքներում ավելացել են գայլերի հարձակման դեպքերն ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա, հայտնի է բոլորիս: Սակայն որ նման դեպք արձանագրվի մայրաքաղաք Երեւանում, անսպասելի էր: Երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն «Հ2» հեռուստաընկերության անձնակազմից եւ Սիլիկյան թաղամասի բնակիչներից ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել: Ավելի ուշ աշխատակիցները որսացել են գայլին, որին տեղափոխել են ընկերության կլինիկա: Գայլը մոտ 1 տարեկան է: Բարեբախտաբար, տուժածներ չկան: