Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապրիլի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ջրաշեն գյուղի 38-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկաններին 38-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է «Իժ» տեսակի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Ցողամարգ գյուղի 71-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 71-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան և 13 պարկուճ։
Կատարվում է նախաքննություն:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։





















































































