Հայաստանյան աշխատաշուկայում երկար տարիներ գոյություն ունի մի իրողություն․ երիտասարդ մասնագետներից հաճախ ակնկալվում է աշխատանքային փորձ, որը նրանք ուսանողական տարիներին դեռևս չեն հասցրել ձեռք բերել։ Հենց այս բացը լրացնելու, երիտասարդներին աջակցելու և աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելու նպատակով ստեղծվել է «ԱՊԱԳԱ» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը, որի ամփոփումը տեղի ունեցավ մայիսի 19-ին։

Հիմնադրամի գործունեությունն ու այս նախաձեռնությունը սերտորեն կապված են դրա հիմնադիրներ, հաջողակ գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի տեսլականի հետ։ Տարբեր ոլորտներում ղեկավարելով ընկերություններ՝ նրանք լավ գիտեն որակյալ մասնագետների կարևորությունն ու վստահ են, որ ուժեղ պետության հիմքում կրթված և կայացած մարդն է։ Նրանց նպատակը երիտասարդների կրթության միջոցով ազգային կապիտալի ձևավորումն է՝ ի նպաստ զարգացող տնտեսության։
Ինչպես նշում է «ԱՊԱԳԱ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը, կառույցն արդեն շուրջ ութ տարի իրականացնում է տարբեր սոցիալական և կրթական ծրագրեր։
«Հիմնադրամի հիմնական նպատակն ու առաքելությունը մեկն է՝ ոչ միայն աջակցել մարդկանց, այլ նաև հնարավորություն տալ իրենց սեփական ճանապարհը գտնելու, զարգացնելու և ավելի կայուն ապագա ունենալու։ Շուրջ երեք տարի իրականացվող «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիրը «կամուրջ» է մեր երիտասարդների համար։ Մենք փորձում ենք ապահովել նրանց մասնագիտական գիտելիքներով, տրամադրում ենք մասնագիտական փորձառության հնարավորություն, աջակցում ուսման վարձերի փոխհատուցմամբ և օգնում նրանց գտնել աշխատանք: Եվ ամենակարևոր արդյունքն այսօր այն է, որ մեր ուսանողը համալսարանն ավարտելիս արդեն ունենում է աշխատանքային փորձ և մրցունակ է լինում աշխատաշուկայում»,- ընդգծել է տնօրենը։


Ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկը պետություն–մասնավոր հատված–կրթություն համագործակցության ամուր կապի ձևավորումն է։ Այդ համագործակցության արդյունավետության մասին են խոսում նաև պետական և բիզնես գործընկերների արձագանքները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշում է, որ երիտասարդները պետական համակարգ են բերում նոր գիտելիքներ ու մոտեցումներ. «Համագործակցության շրջանակում պետք է նշեմ, որ արդեն առաջին տարում Հայաստանի տարբեր բուհերից 9 ուսանող հնարավորություն ունեցան անցնելու փորձաշրջան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Եվ մեզ համար հաճելի է, որ այսօր արդեն ծրագրի մասնակիցներից մեկը համալրել է մեր աշխատակիցների շարքերը»։
Իր հերթին, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի կառավարիչ Վիկտորյա Պողոսյանը հավելում է.
«Արդեն երրորդ տարին է՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիան» այս ծրագրի շրջանակում համագործակցում է «ԱՊԱԳԱ» հիմնադրամի հետ։ Հիմնադրամն իսկապես մեծ գործ է անում՝ լինելով ուսանողի կողքին և աջակցելով նրան համալսարանից դեպի աշխատանք ճանապարհի ընթացքում, որովհետև համալսարանն ավարտելուց հետո շատ կարևոր է, որ ուսանողը պատրաստ լինի մուտք գործել աշխատաշուկա։ Այս համագործակցությունը շարունակական է լինելու։ Ես համոզված եմ, որ այն մեր համագործակցության ամենակարևոր և ռազմավարական ուղղություններից մեկն է լինելու»։


Արդյունքում, հիմնադրամի այս նախաձեռնությունը վերածվում է գործնական լուծման, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց մասնագիտական ապագան կառուցել Հայաստանում։ Այս դեպքում համալսարանական դիպլոմը դառնում է ոչ միայն կրթության ավարտի խորհրդանիշ, այլ նաև իրական հնարավորությունների և մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ։ (Գ)
































