Տաքսու վարորդները դժգոհ են նախարարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաժարական տված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը անհատ ձեռներեց տաքսու վարորդներին «կրակի մեջ են գցել»:

Այսպիսի հայտարարություն արեցին այսօր «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու անհատ ձեռներեց տաքսու վարորդները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բանախոսների համոզմամբ` 2012 թվականին վերոնշյալ պաշտոնյաների կողմից ընդունված որոշումը` կապված նույնականացման քարտի հետ, հազարավոր տաքսու վարորդների կանգնեցրել է փաստի առջև:

«Համոզված եմ, որ սրա մասին անգամ Գագիկ Բեգլարյանը չգիտի: Նա անգամ տեղյակ էլ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ օրենքը: Դեղին համարանիշները հանել տվեցին, թղթերը վերցրին ու ասեցին, թե հիմա ԱՁ չեք կոչվի, քաղաքային վարորդ կլինեք: Բեգլարյանն էլ ասեց` մինչև ապրիլի մեկը ստիկերները կտան, ու մինչև հիմա սպասում ենք:

Ուղղակի հասկացանք, որ Կառավարությունը ավել փող է ուզում աշխատել, կամ էլ պետբյուջեում ճեղքվածք է»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` միաժամանակ նշելով, որ նույնականացման քարտերը վարորդները կարողանում են ձեռք բերել երեսուն օրվա ընթացքում, ինչի հետևանքով բոլորն անխտիր տուգանվել են 20 հազարական դրամով:

Տ. Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ դրանք ձեռք բերելու վերջնաժամկետը եղել է ապիրիլի 15-ը:

Իսկ տաքսու վարորդ Էմիլ Գալստյանը վրդովմունք հայտնեց, որ ինքը մշտապես հետևել է օրենքի բոլոր կանոններին, պարտաճանաչ վճարել է հարկերը, սակայն սպիտակ համարանիշներով մեքենաների վարորդները, չնայած ապօրինի գործելուն այժմ հանգիստ աշխատում են, իսկ ինքը «ինչ որ նույնականացման քարտի պատճառով պետք է տուգանվի»:

Վարորդը հայտնեց նաև, որ ըստ նոր օրենքի, տաքսու բոլոր վարորդները, անկախ գործունեության որակից, պետք է ունենան նույն կարգավիճակը:

Բանախոսների փոխանցմամբ` որոշումն ամենահիմար բանն էր, որ կարող էին մտածել պատկան մարմինները:  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը համոզված է, որ այն վարորդները, ովքեր ավելի ինտելեկտուալ են, անցել են դոսաֆի դասընթացները, համարվում են պարտաճանաչ վարորդներ և իրենց կիրթ են պահում, պետք  է տարբերվեն անկիրթ և սպասարկումը լավ չիրականացնող վարորդներից:

«Ինչ որ սպիտակ թուղթ ենք կպցնելու հետևի ապակու վրա, որ ի՞նչ: Փող աշխատելու նոր ձև են գտել: Հասկացել ենք, որ գրանտ են ստանում»,- ասաց անհատ ձեռներեց տաքսու վարորդները:

Վերջիններս հայտնեցին նաև, որ վաղը ուղիղ եթերով ասուլիս են հրավիրելու, որպեսզի հարց ուղղեն, թե ինչու՞ է Գագիկ Բեգլարյանը նշանակվել նախարար, եթե ոչինչ չի հասկանում:

Վարորդների փոխանցմամբ` իրենք առանջին հերթին խնդրելու են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` 6 ամսով հետաձգել նույնականացման քարտեր ստանալու գործընթացը և չեղյալ հայտարարել տաքսու վարորդների համար սահմանված տույժերը: Այլապես, ինչպես նշեցին վարորդները, իրենք վճռական են տրամադրված և օրենքի սահմաններում` ցույցեր կկազմակերպեն Կառավարության շենքի առջև:




Լրահոս