Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին անակնկալ այցով մեկնել է Ուկրաինա՝ Լվով, որտեղ հանդիպել է վիրավոր զինծառայողների, պատերազմի հետևանքով տուժած վետերանների և բուժաշխատողների հետ։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։
Ինչպես գրում է The Guardian-ը, Սասեքսի դուքսը մասնակցել է պատերազմի հետևանքով վիրավորված անձանց բուժմանն ու վերականգնմանը նվիրված համաժողովին, որը կազմակերպել էր Լվովում գործող Superhumans Center-ը։ Կենտրոնը մասնագիտացած է պատերազմի ընթացքում վիրավորված անձանց բուժման և վերականգնման, ինչպես նաև պրոթեզավորման ոլորտում։
«Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Ուկրաինա, ինձ ընդունում են ջերմությամբ։ Դուք կհաղթեք պատերազմում, և դրանից հետո ձեր առջև հաջողության հասնելու հնարավորություններ կբացվեն»,- ասել է Հարրին։
Նա նաև այցելել է անվասայլակներով ռեգբիի խաղի, որին մասնակցել են ուկրաինացի վետերաններ։ Նրանք հույս ունեն ընդգրկվել հաջորդ տարի Բիրմինգհեմում կայանալիք «Invictus Games»-ում Ուկրաինան ներկայացնող հավաքականում։ Երկիրը նախատեսում է մրցումներին ուղարկել շուրջ 60 մասնակցի, ինչը կլինի մինչ այժմ նրա ամենամեծ թիմը։
Արքայազն Հարրին, որը 2014 թվականին հիմնադրել է վիրավոր զինծառայողների համար նախատեսված «Invictus Games» մարզական մրցաշարը, հայտարարել է, որ պատերազմի ավարտից և Ուկրաինայի հաղթանակից հետո պատրաստ են աջակցել երկրում այդ խաղերի անցկացմանը։
«Երբ պատերազմն ավարտվի, և Ուկրաինան հաղթի, մենք պատրաստ կլինենք աջակցել ձեզ՝ Ուկրաինայում Invictus Games-ն անցկացնելու հարցում»,- ասել է նա։
Այցի ընթացքում Հարրին հանդիպել է նաև ուկրաինացի վետերան Վալերի Օդայնիկի հետ, որը 2025 թվականին մասնակցել է Կանադայում անցկացված «Invictus Games»-ին։ Վերջինս օգտագործում է ոտքերի պրոթեզներ և շարունակում է ծառայել։
Նշենք, որ սա արքայազն Հարրիի չորրորդ այցն է Ուկրաինա՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Նա նախկինում այցելել է Կիև 2025 թվականի սեպտեմբերին և 2026 թվականի ապրիլին։
Ավելի վաղ՝ ապրիլյան այցի ընթացքում, Հարրին Ուկրաինան անվանել էր «Եվրոպայի արևելյան թևը խիզախորեն և հաջողությամբ պաշտպանող երկիր»՝ ընդգծելով նրա պաշտպանության նշանակությունը Եվրոպայի համար։
Արքայազն Հարրին տասը տարի ծառայել է բրիտանական բանակում, այդ թվում՝ մասնակցել է Աֆղանստանում ռազմական գործողություններին՝ որպես ուղղաթիռի օդաչու։
Անի Վարդանյան
























































































